Լրատվամիջոցների «կեղտոտ մեթոդներն» ու ԱԱԾ-ն․ Արդյո՞ք Հայաստանում  կա վտանգ՝ սահմանափակելու մամուլի ազատությունը

Հայաստանյան պաշտոնյաների կողմից լրատվական դաշտին բացասական որակավորում տալը նշանակում է, որ կա վտանգ՝ սահմանափակելու մամուլի ազատությունը: «Մեդիալաբի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի դիտարկումներին:

Վանեցյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, անդրադառնալով տեղեկատվական դաշտին, ասել էր, որ լրատվամիջոցները «կեղտոտ մեթոդներով են գործում»:

 «Հենց ԱԱԾ-ի գործառույթների մեջ է մտնում բացահայտել այս կամ այն լրատվության աղբյուրը, ֆինանսավորումն ու շարժառիթը: Եթե նման որևէ փաստ դեռևս բացահայտված չէ, ապա արդար չէ, երբ ԱԱԾ ղեկավարի մակարդակով հայտարարում են, թե լրատվամիջոցները կեղտոտ մեթոդներ են օգտագործում»,- «Մեդիալաբին» ասում է Զարուհի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն, որ հենց նույն հարցազրույցի ժամանակ հնչեցվել է տվյալ, որ այդ պաշտոնյան շատ բարձր վարկանիշ ունի հասարակության մեջ, հետևաբար, նման վարկանիշ ունեցող պաշտոնյայի ցանկացած խոսք կարող է որոշակի ազդեցություն ունենալ հասարակության տարբեր շերտերի վրա և կարծիք ձևավորել:

«Երկրորդ՝ դա ասում է պաշտոնյա, ով անմիջականորեն երկրի անվտանգության պատասխանատուն է և զբաղվում է անվտանգության խնդիրները լուծելով: Եթե այդպիսի որակումով է հանդես գալիս մամուլի նկատմամբ, դա նշանակում է, որ կա վտանգ՝ սահմանափակելու մամուլի ազատությունը: Այսինքն՝ ցանկացած անցանկալի հրապարակում կարող են ձևակերպել որպես անվտանգության սպառնալիք՝ լռեցնելու, սահմանափակելու մամուլի աշխատանքը՝ դրա տակ փնտրելով ինչ-ինչ վտանգներ: Դա ևս անընդունելի է, որովհետև խոսքի ազատությունն այն տիրույթն է, որի համար մարդկությունը պայքարել ու շարունակում է պայքարել տարիներ շարունակ, որպեսզի այն կամ հաստատվի, կամ նվաճվի, կամ չկորցնի իր դիրքերը»,- ասում է նա:

Զարուհի Հովհաննիսյանը նշում է, որ թեև հեղափոխությունից հետո բարձրաստիճան պաշտոնյաների կամ իրավապահների կողմից ազատ խոսքի ճնշում չի արձանագրվել երկրում, բայց անընդունելի է այն, որ որոշ լրատվամիջոցների դեմ որոշակի կարծիքի շրջանակ է ձևավորվում, որը հետագա գործողությունների համար պարարտ հող կարող է հանդիսանալ, և հանրությունը կարող է լեգիտիմ համարել նման սահմանափակումները:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ տեղեկատվական դաշտի մասին ԱԱԾ տնօրենի դիտարկումները այնքան էլ մտահոգիչ չեն:

«Ինչ խոսք, երբ խոսում է ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, ապա այդտեղ ամեն բառ կարևոր է: Բայց ես կարծում եմ, որ իր հարցազրույցում պարոն Վանեցյանը մի կարևոր բառ է մոռացել, ինքը կարող էր օգտագործել «որոշ» բառը: Այսինքն՝ տեղեկատվական դաշտի մասին խոսելիս չի կարելի ընդհանրացնել ու ասել, որ կեղտոտ մեթոդներ են օգտագործվում: Եթե ինքն ասեր, որ որոշ լրատվամիջոցներ կամ որոշ հատվածներ, որոնք իրենց համարում են լրատվամիջոցներ, կեղտոտ մեթոդներ են օգտագործում, դա հասկանալի կլիներ: Բայց չի կարելի ընդհանրացնել և ասել, որ տեղեկատվական դաշտում անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում և կեղտոտ մեթոդներ են կիրառվում: Ամեն դեպքում, կարծում եմ, պարոն Վանեցյանը հաշվենկատ է և նկատի է ունեցել որոշ լրատվամիջոցների»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Մելիքյանը:

Հարցին, թե որքանո՞վ է այս փուլում բարդացել լրագրողների ու լրատվամիջոցների աշխատանքը՝ հաշվի առնելով այն, որ հասարակությունը չի ընդունում իշխանությունների հասցեին որևէ քննադատություն և քարկոծում է խնդիրները վերհանող լրատվամիջոցներին, Աշոտ Մելիքյանը պատասխանեց, որ հետհեղափոխական շրջանում խոսքի ազատությունը Հայաստանում շատ ավելի բարձր մակարդակի վրա է, քան Սերժ Սարգսյանի իշխանության տասնամյակում էր:

«Առհասարակ, երբ ասում են, թե իշխանությունների հասցեին քննադատությունը արժանանում է հակազդեցության սոցիալական ցանցերում, պետք է հաշվի առնել, որ նույն հակազդեցության արժանանում է նաև այլ լրատվամիջոցների քննադատությունը այլ քաղաքական ուժերի նկատմամբ: Պետք է հաշվի առնել, որ Հայաստանում լրատվամիջոցները բաժանված են տարբեր քաղաքական և տնտեսական ճամբարների և, ցավոք, ավելի շատ սպասարկում են այդ ուժերի տնտեսական ու քաղաքական շահերը, քան հասարակության: Եվ բնական է, որ երբ հակառակ ճամբարից որևէ քննադատություն է հնչում, դա արժանանում է հակազդեցության սոցիալական ցանցերում: Մեծ հաշվով սա քաղաքական պայքարի շարունակություն է»,- ասում է Մելիքյանը:

Նրա խոսքով՝ քաղաքական պայքարը տեղափոխվեց լրատվամիջոցների դաշտ, ապա նաև՝ սոցիալական ցանցեր: Շատ հաճախ նույնիսկ օբյեկտիվ քննադատությունն ընկալվում է որպես ատելության խոսք:

Ըստ Մելիքյանի՝ հետհեղափոխական շրջանում իրենք դեռևս չեն արձանագրել լրագրողների նկատմամբ այնպիսի դեպքեր, ինչպիսիք արձանագրել էին «Էլեկտրիկ Երևանի» և Սարի թաղի դեպքերի ժամանակ: Նախորդ տասնամյակում անցկացված ընտրությունների ժամանակ, ըստ մասնագետի, լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների, ճնշումների դեպքեր էին արձանագրվում, սակայն վերջին երկու ընտրությունների ժամանակ՝ Երևանի ավագանու և խորհրդարանական, լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների լուրջ խախտում չի արձանագրվել:

«Բացի այդ, մենք այս ընտրություններում տեսանք բազմաթիվ բաց դեբատներ լրատվամիջոցներով, որոնք անհնար էր կազմակերպել Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում: Մենք հետհեղափոխական շրջանում տեսել ենք մի քանի բաց մամուլի ասուլիսներ երկրի ղեկավարի կողմից, իսկ Սերժ Սարգսյանի օրոք մի քանի լրատվամիջոցների ղեկավարների մասնակցությամբ ինչ-որ հանդիպումներ էին անցկացվում, որոնք, չգիտես ինչու, կոչվում էին մամուլի ասուլիսներ»,- ասում է Աշոտ Մելիքյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am