Անդրանիկ Քոչարյանի հարցով կարող է հանձնաժողով ստեղծվել. Factor

ԱԺ աշխատակազմը դրական եզրակացություն է տվել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի մասով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Ըստ նրա` հարցն առաջիկայում կընդգրկվի Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում, հիմնական զեկուցողը լինելու է ինքը` «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյաանը: Ազգային ժողովի աշխատակազմից այս տեղեկությունը դեռ չեն հաստատում։

ՔՊ խմբակցությունից Լիլիթ Մինասյանը Factor.am-ին փոխանցեց, որ հարցը դեռ չեն քննարկել և չի կարող ասել, թե ինչպես են քվեարկելու։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել մարտի 20-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Անդրանիկ Քոչարյանը կոշտ տոնով պահանջել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հեռանալ իր կողքից, հայտարարել, որ նա իրեն խանգարում է, սպառնացել է չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ նաև այլ լրագրողների, իսկ վերջում ասել՝ «շրթունքներդ մա՛քրի»:

Ավելի ուշ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, որ իր ասածի մեջ վիրավորական ոչինչ չի տեսնում, և որ ինքը պարզապես հղում է արել Բագրատ Սրբազանին: Դրանից հետո լրագրողները էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջով ստորագրահավաք էին սկսել: