«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության կողմից հրապարակված մամուլի ազատության 2025 թ. համաշխարհային ինդեքսում Հայաստանը գրանցել է զգալի առաջընթաց՝ նախորդ տարվա 43-րդ հորիզոնականից բարձրանալով 34-րդ տեղ։
Հայաստանը շարունակում է պահպանել առաջատար դիրքը հարևան երկրների համեմատ՝ զգալիորեն գերազանցելով Վրաստանին (114-րդ) և Ադրբեջանին (167-րդ)։
RSF-ը նկատում է, որ Հայաստանում գործող բազմակարծիք մեդիա միջավայրը բախվում է բևեռացվածության լուրջ մարտահրավերի։ Թեև վերջին տարիներին ավելացել են անկախ լրատվամիջոցների քանակն ու հանրային վերահսկողության հնարավորությունները, մեդիան շարունակում է ներքաշված մնալ քաղաքական պայքարի դաշտում՝ դառնալով նաև ապատեղեկատվության և ատելության խոսքի տարածման հարթակ։
«Հայաստանը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, ինչը պայմանավորված է ներքաղաքական լարվածությամբ, սահմանների անվտանգության խնդիրներով, ինչպես նաև՝ Ռուսաստանի և Եվրոպական միության միջև իր բարդ աշխարհաքաղաքական դիրքով», – նշվում է զեկույցում։
RSF-ը նաև ընդգծում է, որ տեղեկատվության հիմնական աղբյուրը Հայաստանում սոցիալական մեդիան է, որտեղ օրական մուտք է գործում բնակչության մոտ երկու երրորդը։ Այս պայմաններում, ըստ զեկույցի, մեծանում է բովանդակության վերահսկման դժվարությունը, ինչպես նաև կեղծ և մանիպուլյատիվ տեղեկության տարածման ռիսկը։
Միևնույն ժամանակ, այնպիսի անկախ լրատվամիջոցներ, ինչպիսիք են CivilNet.am, Hetq.am, Factor.am և Azatutyun.am, մնում են որպես ժողովրդավարական վերահսկողության կարևոր դերակատարներ։ Սակայն հեռարձակվող և տպագիր մեդիան՝ կապված խոշոր քաղաքական կամ առևտրային շահերի հետ, հաճախ սահմանափակումների և խմբագրական ճնշման է ենթարկվում։
Համաշխարհային համատեքստում, ըստ 2025 թվականի ցուցակի, ինդեքսի առաջին հորիզոնականներում են Նորվեգիան և Էստոնիան, իսկ Հայաստանից անմիջապես հետո՝ 35-րդ տեղում, հայտնվել է Մոլդովան, որը այս տարի վատթարացրել է իր դիրքերը։
Հիշեցնենք, որ Freedom House իրավապաշտպան կազմակերպության գնահատմամբ՝ Հայաստանը շարունակում է համարվել մասնակի ազատ երկիր, իսկ Amnesty International-ի վերջին զեկույցում քննադատվում էր լրագրողների դեմ կիրառված ոստիկանական բռնությունը և անպատժելիության խնդիրը։



















