«Ժողովրդի ընտրած ՀՀ իշխանությունները փակ են խաղում և ակնհայտ է՝ սահմանապահների հետ կապված խաղ է գնում»․ ռազմական փորձագետ

Լուսանկարը՝ «Ֆակտոր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը

– Պարո՛ն Հակոբյան, գրեթե ամեն օր սահմանային լարվածության ենք ականատես լինում, այսօր էլ Սև լճի հատվածում են կրակել հայկական դիրքերի ուղղությամբ: Ստացվում է, որ թե՛ ռուսական, թե՛ հայկական կողմից արվող հայտարարությունները որևէ ազդեցություն չեն ունենում, և Ադրբեջանը շարունակում է սադրանքները: Ի վերջո, ի՞նչ է ուզում Ադրբեջանը, հնարավո՞ր է գնա լայնամասշտաբ գործողությունների:

– Ադրբեջանը նման է որսկան շան, որն անընդհատ հետապնդում է իր որսին: Որոշ խաղաղասերներ, որոնք մտածում են, թե թուրքին զիջելով կհասնեն խաղաղության, արդյունքում քաղում են նման քաղաքականության պտուղները, իսկ գործող իշխանությունները, շահարկելով մարդկանց խաղաղության ձգտման մղումը, բնականաբար, պահում են իրենց դիրքերը:

– Ի վերջո, այս խնդիրն ինչպե՞ս պետք է լուծվի: Հնարավո՞ր է պայմանավորվածություններ ձեռք բերել, օրինակ՝ մենք տեսանք, որ Ոսկեպարում ռուս սահմանապահներ են տեղակայվել, միաժամանակ Ռուսաստանի ԱԳն-ն հայտարարեց, որ չեն կարող ողջ սահմանի երկայնքով սահմանապահներ ապահովել:

– Երբ մարդիկ սկսում են քո փոխարեն որոշել, այսինքն՝ դու այնքան ես զիջել, որ արդեն Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան են որոշում, թե ինչպես պետք է լինի քո տանը, արդյունքում ունենում ենք այս պատկերը:

Իսկ այդ պատկերն ինչի՞ մասին է, ի՞նչ որոշել, ո՞վ կարող է ինչ որոշել: Մենք Արցախը տվեցինք, առաջ քաշեցինք խաղաղության թեզը, որն ականջահաճո էր ժողովրդին, որովհետև շատերը սահմանին զինվոր ունեին, ի հետևանք հայտնվեցինք փակուղում, որովհետև հակառակորդն արդեն գիտի, որ դու պատերազմից վախենում ես և պատերազմ չես ուզում:

Ավելին, քո ամբողջ ներքին իշխանությունը կառուցված է պատերազմից խուսափելու վրա: Հակառակորդը կարող է քեզ պատերազմ պարտադրել, դու խուսափես պատերազմից և ստիպված գնաս զիջումների:

Պետք է գլոբալ փոփոխություն լինի երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունում և կուրսում: Իսկ դա չի լինի, ցավոք, որովհետև մեր ժողովուրդն ընտրեց այս ինքնախաբեության կարճաժամկետ ուղին: Բոլորս մեր տներում փակված՝ մեր փոքր աշխարհում ապրում ենք, երջանիկ ենք մեր երեխաների հետ, մեր սուրճով, մեր նարդիով, դե, թող սահմաններն էլ բզկտեն: Մարդիկ մտածում են՝ դեռ մեզ չեն հասել: Այս իրավիճակը միշտ է լինելու:

– Որը պետք է լինի մեր քայլը՝ սովորենք ապրել այսպե՞ս, թե՞ զինենք բանակը:

– Պետք է նախևառաջ սովորենք ապրել այսպես, բայց ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը չի համակերպվի այսպես ապրելու հետ և ինչ-որ ժամանակ այս թմբիրը մի կողմ կնետի ու նորից իր արժանապատիվ դիրքորոշումը կորդեգրի, որը որդեգրել էր վերջին 25 տարում: Այստեղ հոգեբանական պահ կա. մարդը հակված է ինքնախաբեության, բայց դա պետական շահերի համար հաճախ կործանարար է:

Հիմա, երբ իրական իշխանությունը պետական շահեր է սպասարկում, ինքը պետք է մարդկանց տհաճ բան ասի ու անի, որը բխում է պետական շահերից: Քանի որ մեր իշխանությունը հետաքրքրված է սեփական վարկանիշով, անում է պոպուլիստական, ժողովրդին հաճո քայլեր, որոնք սակայն բերում են պետական շահի խոր ոտնահարման:

Պարզ օրինակ ասեմ. իմ երեխան ձմռանն ուզում է պաղպաղակ, այն դեպքում, երբ կոկորդը ցավում է: Ես ասում եմ՝ չեմ առնի, վատամարդ եմ լինում, կինս ասում է՝ առ: Երեխան ժպտում է կնոջս, ես էլ դառնում եմ իր թշնամին: Այսինքն՝ կնոջս արածը եղավ պոպուլիզմ, իմ արածը՝ իրական շահի գիտակցում: Արդյունքում՝ մի դեպքում երեխան կերավ պաղպաղակը, ավելի ծանր հիվանդացավ, պոպուլիզմի համար մենք վարձը ստացանք, իսկ իրական շահի գիտակցումով ծնողը չստացավ երեխայի ժպիտը, բայց փոխարենը խնայեց երեխայի առողջությունը:

Հիմա մեզ մոտ այդ վիճակն է, և այդ ամենին գումարվում են նաև հոգեբանական պատճառները, արտաքին քաղաքականության մեջ մեր դիրքերը: Չէ՞ որ այս պատերազմը այս իշխանություններին մեծ հոգեբանական հարված հասցրեց: Դրա համար այսօր նրանք հոգեբանորեն պատրաստ չեն պատերազմի, նաև արտաքին քաղաքականության ոլորտում պատրաստ չեն: Եվ մենք փակուղու մեջ ենք, երբ մեզ անընդհատ վախեցնելով բզկտելու են: Նույնիսկ եթե հոգեբանական մակարդակում իշխանափոխություն լիներ, նույնիսկ քո թշնամին կասեր՝ նոր իշխանություն է եկել, մի պահ զգուշանամ: Բայց եկավ մի իշխանություն, որին Ալիևն ուղիղ եթերում ստորացրեց, ինչ ասես՝ ասաց: Հոգեբանական մակարդակում արդեն սա արդյունք է տալիս: Նրանք կարող են Ազգային ժողովում անվտանգության միջոցառումներ իրականացնել, բայց սահմանը բզկտվի:

– Գնալով ադրբեջանցիներն ավելի ու ավելի շատ են կրակում: Մեծանալո՞ւ է այս տեմպը: Կարո՞ղ է նորից պատերազմ լինել:

– Մենք մայիսի 12-ից առաջ կմտածեի՞նք, որ նրանք մտնելու են Գեղարքունիք ու Սյունիք: Վաղն էլ Սևանա լճի արևելյան ափը կգրավեն: Մենք ի՞նչ պետք է անենք, պետք է կանգնենք, ասենք՝ դե, գիտե՞ք ինչ, Սևանա լճի արևելյան ափը մենք այդքան էլ չէինք օգտագործում, ոչինչ, արևմտյան ափին կհանգստանանք:

Ընդհանրապես, կենցաղում էլ է այդպես. տղամարդկանց միջև հարաբերություններում եթե մեկը քեզ կոպիտ խոսք է ասում, դու նույն կերպ ես պատասխանում, դա ավելի փոքր դժբախտություն կարող է բերել, քան կուլ տալը: Որովհետև եթե կուլ ես տալիս, կոպիտ խոսքը վերածվում է հայհոյանքի, հայհոյանքը՝ ծեծի, ու դրանից հետո ավելի ուժեղ կոնֆլիկտ է լինում: Իսկ եթե կոպտությանը կոպտությամբ ես պատասխանում, որպես կանոն՝ կոնֆլիկտը չի զարգանում: Այսինքն՝ փոքր պատերազմից խուսափողը, արժանապատվության ոտնահարումը հանդուժողը ստանում է և՛ անարժանապատիվ վիճակ, և՛ պատերազմ:

Երբ ես նման բան եմ ասում, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն ասում են՝ դե գնա՛ սահման, կռվի՛ր, քո տղեն սահմանին չի: Այո՛, իմ տղան էնտեղ չի, ես էլ էնտեղ չեմ, բայց ի՞նչ եք առաջարկում, փակվենք մեր տներում, թուրքը կհասնի Երրորդ մաս, ես կասեմ՝ ես Ավան-Առինջում եմ, ոչինչ: Հետո թուրքը կհասնի Ավան-Առինջ, ես կտեղափոխվեմ Աբովյան ու էլի կասեմ՝ ոչինչ: Դրա համար պետությունը պետք է ձեռքը խփի սեղանին և պետական շահն առաջ տանի:

– Ռուս սահմանապահների տեղակայումը բացառո՞ւմ եք Տավուշում: Պատգամավորներից մեկն էլ չի բացառում, որ կարող է Տավուշում հողերի փոխանակում լինել, քանի որ, ըստ նրա, հայկական հսկողության տակ ադրբեջանական հողեր կան և հակառակը:

– Նման բան ասողի գլուխը պետք է վերցնես ու խփես քարին, որը Հայաստանի տարածքում ադրբեջանական գյուղ է տեսնում:

– Իսկ սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը մերժվե՞ց:

– Ես չեմ կարող ասել. ակնհայտ է, որ մի խաղ է գնում, որտեղ մանևրում են, սահմանապահների պահը որպես լծակ են օգտագործում ՀՀ իշխանությունների վրա: Ժողովրդի ընտրած ՀՀ իշխանությունները փակ են խաղում: Ասում են՝ ընտրեցի՞ր մեզ, վե՛րջ, գնա քո կաղամբն ու պոմիդորը մշակիր, մենք ինչ ուզենք՝ կանենք: 2018 թվականին մի հավ ձու էր ածում, Փաշինյանը լայվ էր մտնում, բա հիմա էլ լայվ մտիր ու ասա՝ ի՛նչ է կատարվում: Վաղարշակ Հարությունյանին հանեցիք գործից, ինչո՞ւ հանեցիք, որին աշնանը գովում էիք: 6 ամիս հետո էլ Արշակ Կարապետյանին կհանեք, ու էլի ոչ ոք չի իմանա՝ ինչո՛ւ:

Իրականում ամեն ազգ արժանի է այն կառավարությանը, որն ունի: Գուցե շատ մարդիկ չեն ընտրել այս իշխանություններին, բայց մեծ մասն ընտրել է, ուրեմն արժանի է: Պետք է այսպես լինի այնքան, մինչև ազգի մեծամասնությունը կգտնի, որ ինքն արժանի չէ այս վիճակին: Երասխում գյուղացին ասում է՝ կրակում են: Բա պետք է կրակեն, բա ի՞նչ պետք է անեն: Ասում են՝ ես իմ հողը հո չե՞մ թողնելու գնամ: Կգնաս, հադրութցուց ուժեղ մարդ չես:

– Այս առումով դուք որևէ լավ բան չե՞ք սպասում:

– Ո՛չ, ես ոչ մի լավ բան չեմ տեսնում: Եթե ինչ-որ փոփոխություն լինի էս երկրում՝ ապա լավ, եթե ոչ՝ ապա անընդհատ մանր-մանր մեզ բզկտելու են: Մեզ համար սովորական են դառնալու կրակոցները Երասխում: Հիշո՞ւմ եք՝ սկզբում հայտարարում էինք, որ դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է, ՀԱՊԿ-ին էինք դիմում, հիմա այդ մասին էլ չենք հիշում:

Երկու օր ջղայնացանք, դա էլ անցանք, համակերպվեցինք: Նորմալ է, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրի վրա պետք է կրակեն: Մի օր էլ Երասխը կգրավեն, կասենք՝ դե, սահմանային միջադեպ էր, սպասենք, հեսա կհարթվի: Մայիսի 12-ից բանակցում ենք, արդեն երեք ամիս: Դե թող հետ տան այդ տարածքները, մարդիկ ամրացել են այնտեղ: