«Պատիվ ունեմ»-ը չի աջակցի Էդմոն Մարուքյանին. հանդիպումը մերժվել է

«Պատիվ ունեմ» խմբակցությունը չի միանա Էդմոն Մարուքյանին վարչապետ առաջադրելու գործընթացին: Այդ մասին խմբակցության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներս, վերահաստատելով մայիսի 6-ին մեր արտահայտած պատրաստակամությունն առանց նախապայմանների ՔՆՆԱՐԿԵԼ վարչապետի թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, որոշում ենք կայացրել չմիանալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին:

Ներկայացվող թեկնածուն իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից և նույնչափ կրում է մեր երկրի ծանր իրավիճակի պատասխանատվությունը։

Այլ կերպ ասած՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին, հետեւաբար թեկնածուի հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում։

Այնուամենայնիվ, թեկնածու առաջադրած պատգամավորները մեր որոշման հետ կապված հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող են դիմել «Պատիվ ունեմ» խմբակցությանը»: