Հուլիսի 11-ին 3 ամսով կալանավորված երեք անչափահաս երեխաների մայր Լիանա Հարությունյանը, որն 8 ամսական երեխայի հետ սկզբում տեղափոխվել էր «Աբովյան» ՔԿՀ, ապա՝ քաղաքացիական հիվանդանոց, ազատ է արձակվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանը, որն օրեր առաջ կալանքի որոշում էր կայացրել, այսօր նոր որոշում է կայացրել և փոխել Հարությունյանի խափանման միջոց կալանքը, սահմանելով վարչական հսկողություն և ստորագրություն չհեռանալու մասին։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Ըստ որոշման՝ դատարանը հաշվի է առել ամբաստանյալի պահվածքի փոփոխությունը և 3 անչափահաս երեխա ունենալու հանգամանքը։ Թե ինչպես է դատարանը հասկացել, որ Հարությունյանի վարքագիծը փոխվել է կամ արդյոք նախորդ որոշման ժամանակ դատարանը հաշվի չէր առել 3 երեխայի հանգամանքը, դժվար է ասել։
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, Հարությունյանն օժանդակել է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն: Փետրվարին նրա նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, սակայն Հարութունյանն առանց հարգելի պատճառի չի ներկայացել հունիսի 16-ի նիստին՝ այդպիսով չարամտորեն խուսափելով վարույթն իրականացնող մարմնի հրավերով ներկայանալու պարտականության կատարումից։ Որոշում է կայացվել նրան հարկադրաբար ներկայացնել դատարան, որը ևս չի կատարվել, քանի որ ոստիկանների գնալու պահին կինը տանը չի եղել։ Հեռախոսազրույցների ժամանակ էլ Հարությունյանը հայտնել է, որ չի պատրաստվում ներկայանալ դատական նիստերին, քանի դեռ նոր պաշտպան չունի։
Այս ամենից հետո, հուլիսի 8-ին դատարանը խստացրել է նրա խափանման միջոցը՝ կիրառելով տնային կալանքը, սակայն սա ևս չի իրագործվել. Հարությունյանն ապրելիս է եղել վարձով, իսկ տանտերը հրաժարվել է, որ իր տան մեջ տնային կալանքն իրականացվի։ Դատարանի հիմնավորմամբ՝ այս ամենից հետո հիմքեր են առաջացել ընտրելու ամենախիստ խափանման միջոցը։



















