Սերժ Սարգսյանը պատասխանատվության շատ մեծ բեռ ունի այսօրվա իրավիճակի ու արցախահայության ճակատագրի համար, նա անկեղծ չէ. Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, այսօր Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ։ Ի՞նչ մեսիջներ էր փորձում փոխանցել Սերժ Սարգսյանը և ինչ նպատակ էր հետապնդում այդ հայտարարությամբ։

– Ըստ էության, ՀՀԿ-ն ևս մեկ անգամ հաստատեց, որ չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Սերժ Սարգսյանը փորձեց փակագծերն ավելի բացել՝ ընտրություններին չմասնակցելու պատճառների մասին, այս ամենը պետք է դիտարկենք նախընտրական փուլի համատեքստում: 

– Ի՞նչ փակագծեր բացեց Սարգսյանը, որ ասում եք:

– Իր այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանը փորձեց արդարացնել իր այն գործողությունները, որ մինչ այս արդեն հատնի են դարձել հանրությանը, նկատի ունեմ Լավրովի պլանը ու Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին: Այս հայտարարությամբ նա փորձում էր բացատրել, թե ինչու է առաջադրվել երրորդ ժամկետում. որպես գլխավոր փաստարկ նա Արցախի հարցն է առաջ բերում: Իմ գնահատմամբ՝ իր այս հայտարարությունը լիովին չէր բացահայտում քաղաքական խոհանոցի բոլոր մութ կողմերը, Սերժ Սարգսյանը մինչև վերջ անկեղծ չէ հանրության հետ: 

ՀՀԿ-ի 2018-ի մայիսի որոշումը՝ ընտրել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, հակասություն է պարունակում Սերժ Սարգսյանի խոսքում, որովհետև 2021-ին՝ ընտրություններին ընդառաջ, Սերժ Սարգսյանը բացահայտել է, բանակցություններ են եղել Նիկոլ Փաշինյանի հետ 2018-ի մայիսի սկզբին, ու իրենք պայմաններ են դրել Փաշինյանի առաջ, ու նա համաձայնել է այդ պայմաններին, իսկ այդ պայմաններից մեկը եղել է այն, որ Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվի, երկրորդը՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվի: Այս պայմանով են Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն որոշել քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին: 

Այստեղ կարևոր տարրն այն է, որ պետք է բոլորս հասկանանք, որ եթե ՀՀԿ-ի պատգամավորներից, եթե չեմ սխալվում, 11 անդամ չքվեարկեին Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցին կողմ, ապա երկրում կլինեին նոր ընտրություններ, ու մեծ հարց է, թե այդ ընտրություններին ով կընտրվեր: Իսկ իրենք գնացին Փաշինյանի հետ ինչ-որ հարցեր համաձայնեցնելու ու նրան վարչապետ ընտրելու ճանապարհով: 

Այս հարցը նույնպես շարունակում է մութ մնալ, Սերժ Սարգսյանն այդ հայտարարության մեջ այս հարցին պատասխանելուց շրջանցում է, տպավորություն է ստեղծում, թե այդպես էլ պետք է լիներ, որ իր հրաժարականից բխում էր Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը: Բայց այդպես չէ, ՀՀ օրենքներով ու Սահմանադրությամբ ՀՀԿ-ն մայիսի 7-ին կարող էր ընդհանրապես չգալ քվեարկության, ու երկրում կլինեին նոր ընտրություններ, սա, հավանաբար, երկրի համար կլիներ ամենալավ լուծումը: 

Սերժ Սարգսյանի կողմից խոստովանություններ դեռ շատ կլինեն, որովհետև իմ նշած բոլոր հարցերը շարունակում են չպարզաբանված մնալ, ինչն առաջացնում է տարբեր մանիպուլյացիաների, սպեկուլյացիաների դաշտ, Սերժ Սարգսյանին են մեղադրում Նիկոլ Փաշինյանին աջակցելու մեջ այն ժամանակ ու մինչ այսօր, իսկ այսօրվա հայտարարությամբ այդ մեղադրանքները չփարատվեցին ու չլուծվեցին: 

Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ հավասար պատասխանատվություն է կրում Արցախի Հանրապետության լուծարման, արցախահայության էթնիկ զտման գործողությունների համար՝ հնչող այս կարծիքը շարունակում է ակտուալ մնալ: Տրամաբանական կլիներ, որ Սերժ Սարգսյանն այնպիսի հայտարարություն աներ, որ բոլոր տեղի ունեցած մութ կետերը պարզ ու ազնիվ ներկայացներ հանրությանը, վերջինս էլ կաներ իր հետևությունները: Այս տեսակ կիսաքայլերը հայտարարություն անողին օգուտ չեն բերում, հանրության մեջ կուտակված հարցերը չեն փարատում ու ընդամենը ստեղծում են նախընտրական աղմուկ: 

– Պարո՛ն Ղուկասյան, պնդում եք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ոչ թե հեղափոխության արդյունք էր, այլ՝ քաղաքական պայմանավորվածությա՞ն:

– Ես նման պնդում չեմ անում. Հայաստանում քաղաքացիական անհնազանդության վիճակ էր, բայց քաղաքական արդյունքները ժողովրդին չհասան, որովհետև ՀՀԿ-ն, ՔՊ-ն, մյուս խորհրդարանական կուսակցությունները մտան գործարքի մեջ: Այսինքն՝ հեղափոխության արդյունքը ժողովրդից գողացան՝ քաղաքական գործարքների ճանապարհով: 

– Իսկ Սերժ Սարգսյանի այդ հայտնի մտքի՝ «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ», մեկնաբանության հետ համակարծի՞ք եք:

– Այդ մտքի վերաբերյալ, եթե ես չեմ սխալվում, արդեն երկրորդ, թե երրորդ վարկածն ենք լսում: Ես շարունակում եմ մնալ այն մտքին, որ այդ արտահայտությունը այդ քաղաքական գործարքների անհրաժեշտ մասն էր, որովհետև հարկավոր էր կոնկրետ մարդուն փոխանցել իշխանությունը ու կոնկրետ այդ մարդու վրա շեշտը դնել: Իսկ Սերժ Սարգսյանն ամեն անգամ փորձում է ցույց տալ, թե դա Նիկոլ Փաշինյանին արված ուղիղ աջակցության նպատակ չէր հետապնդում, այլ ուներ ուրիշ բովանդակություն ու նպատակ: Իրականում Սերժ Սարգսյանը պատասխանատվության շատ մեծ բեռ ունի այսօրվա իրավիճակի ու արցախահայության ճակատագրի համար: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am