Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի գույքերը 9 մլն դրամի չափով արգելանքի տակ են։ 9 մլն դրամը գումարի այն չափն է, որը Սամվել Կարապետյանը պահանջում է Թորոսյանից նրա հայտարարությունների համար․ դրանք, ըստ Կարապետյանի, «զրպարտչական, վիրավորական բնույթի» արտահայտություններ են։Այս մասին հայտնում է Factor.am-ը:
«Ես 2 հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբլյանկայում են կտրել, ФСБ-ի շտաբ կվարտիրայում, որը գտնվում է Մոսկվայում։ Առաջինի անունը Արշակ ա… Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը Սամվել Կարապետյանին»,-հուլիսի 4-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր Արսեն Թորոսյանը։
Գործարարի պաշտպանական թիմից հայտարարել են, որ դատարանին միջնորդել են արգելանք կիրառել, որ «դատաքննության ընթացքում պատասխանողը չվաճառի գույքն ու վճռի դեպքում կարողանա վճարել դատարանի որոշմամբ սահմանված գումարը»,-«Ազատությանը» փոխանցել էր փաստաբան Կարեն Մարգարյանը։ Ի պատասխան՝ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ չի պատրաստվում վաճառել գույքն ու ՀՀ-ից հեռանալ։ Նա էլ իր հերթին է դիմել դատարան, որ արգելանքը վերացվի։ «․․․«մեծն բարերար» Սամոն դատարանին միջնորդել էր հայցի ապահովման միջոց կիրառել 9 մլն դրամի չափով և իմ համար դեռևս անհասկանալի պատճառներով և հիմնավորումներով դատարանը բավարարել էր այդ միջնորդությունը։
Այս դատական պրակտիկային դեռ կանդրադառնանք, երբ հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում։ Ես նույնպես միջնորդել եմ դատարանին, որպեսզի վերացնի հայցի ապահովման անհիմն այդ որոշումը, որովհետև չեմ պատրաստվում գույքս վաճառել ու փախնել Հայաստանից, հատկապես Սամոյի ահից»,-գրել է իշխանական պատգամավորը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















