Ո ՞ վ շահեց. վերլուծաբանները նշում են, որ «զրո իմաստ ունեցող երկխոսությունը» թելադրված ԼՂ հիմնախնդրի ներկայիս վիճակով

Ո ՞ վ շահեց.  վերլուծաբանները նշում են, որ «զրո իմաստ ունեցող երկխոսությունը» թելադրված ԼՂ հիմնախնդրի ներկայիս վիճակով
Ո ՞ վ շահեց. վերլուծաբանները նշում են, որ «զրո իմաստ ունեցող երկխոսությունը» թելադրված ԼՂ հիմնախնդրի ներկայիս վիճակով

Չնայած ընդդիմություն-իշխանություն երեկ` հուլիսի 18-ին կայացած առաջին հանդիպման շարունակականության մասին առայժմ չի խոսում, սակայն, վերլուծաբանների կարծիքով, առաջին իսկ հանդիպումից որոշ հանգամանքներ արդեն ի հայտ եկան:
Անկախ վերլուծաբան Երվանդ Բոզոյանի կարծիքով, չնայած իշխանական եւ ընդդիմադիր պատվիրակների հանդիպումը «բովանդակային առումով զրո իմաստ ուներ», բայց որպես քաղաքական պրոցես`Սարգսյանին լուրջ կորուստների առաջ կանգնեցրեց:

«Սերժ Սարգսյանն ասում էր, որ ինքը կողմ է երկխոսությանը, եւ ոչ թե բանակցություններին, բայց տեղի ունեցան բանակցություններ: Այսինքն, նա իր տեսակետը փոխեց, ինչը լուրջ վտանգ է իր թիմի համար: Եթե մարդը իր տեսակետը մի հարցում փոխում է, ապա կարող է նաեւ փոխել այլ հարցերում` այդ թվում եւ արտահերթ ընտրությունների հարցում»,- «Մեդիալաբին» ասում է Բոզոյանը:

Հիշեցնենք, որ երեկ «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում տեղակայված Հանրային խորհրդի նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել երկխոսության նպատակով ստեղծված ընդդիմության եւ իշխող կոալիցիայի պատվիրակների առաջին հանդիպումը, որը տեւել է մոտ երկու ժամ:

Երվանդ Բոզոյանը հիշեցնում է, որ մինչեւ այս հանդիպումը Սերժ Սարգսյանի թիմի անդամները ծաղրանքով էին արտահայտվում պատվիրակություններով հանդիպելու հարցի վերաբերյալ` ընդդիմությանը առաջարկելով «էլ Օջախ, էլ Սեւան տանել»: Սակայն, հիշեցնում է Բոզոյանը` նրանց պատասխանեց Լեւոն Տեր-Պետրոսյանը` նշելով, որ այդ մարդիկ զրոյական նշանակություն ունեն` որոշումներ կայացնելու հարցում:

«Եւ Սերժ Սարգսյանի ռեակցիան ապացուցեց, որ Տեր-Պետրոսյանը ճիշտ էր: Այսինքն, այսպիսով Սարգսյանի վարկանիշը իր թիմում իջավ, իսկ Տեր-Պետրոսյանինը` Կոնգրեսում բարձրացավ: Բացի այդ, հանդիպման այս ֆորմատը ցույց տվեց, որ կոալիցիան եւ Կոնգրեսը հավասար ուժեր են, այսինքն, քաղաքական իմաստով` սա ուղղակի լուրջ կորուստ էր Սերժ Սարգսյանի համար եւ ձեռք բերում` ընդդիմության համար, որովհետեւ նրանք այսպիսով քաղաքական դիվիդենտներ շահեցին»,- ասում է քաղաքագետը` միաժամանակ հավելելով, թե առայժմ դժվար է կանխատեսումներ անել, թե ինչպիսի շարունակականություն կունենա այս գործընթացը:

Միաժամանակ քաղաքագետը կասկածելի է համարում Սերժ Սարգսյանի շտապողականությունը` ներքաղաքական երկխոսության հարցում` ենթադրելով, որ դա կարող է ունենալ մեկ այլ` արտաքին դրդապատճառ:

«Սերժ Սարգսյանի արագացված այս պատասխանը, որ ինքը պատրաստ է պրոցեսն արագացնել, իմ մոտ տպավորություն ստեղծեց, որ ԼՂ հարցում ինքը լուրջ խնդիրներ ունի եւ նա պետք է ընդհանուր հայտարարի գա Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Նա արագ կատարեց այդ քայլը, իսկ քանի որ Սարգսյանը գնաց ադ քայլին, կարելի է ենթադրել, որ նա շտապելու խնդիր ունի»,- ասում է Բոզոյանը` հարցնելով, թե ինչո՞ւ մարդը պետք է շտապի, այն էլ հուլիս ամսին, երբ քաղաքական պրոցեսների եռման շրջան չէ: «Միայն մի գործոն կարող է լինել` ենթադրում եմ, որ դա ԼՂ հիմնախնդիրն է»,- ասում է Բոզոյանը:

Մեկ այլ անկախ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ չբացառելով, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է պատճառ լինել Սարգսյանի համար, միաժամանակ նշում է, որ դա, սակայն, կարող է լինել պատճառներից միայն մեկը:

«ԼՂ հարցը Հայաստանի առջեւ կանգնած լուրջ մարտահրավերներից մեկն է մնում, ինչպես եղել է, եւ Հայաստանն երբեք այսքան անդյուրաշարժ` այս մարտահրավերներին դիմակայելու համար չի եղել: Իսկ դա մեծ վտանգ է ներկայացնում եւ ես տպավորություն ունեմ, որ իշխանությունը դա հասկանում է: Ավելին, ըստ իս` իշխանությունները ոչ միայն այդ, բայց նաեւ այդ պատճառով է գնում երկխոսության»,- «Մեդիալաբին» ասում է Մեհրաբյանը:

Ընդդիմություն-իշխանություն հանդիպման փաստն ինքնին` փորձագետը դրական է գնահատում, քանի որ, ըստ նրա, եթե «հանրության ճնշման ներքո իշխանությունը մինչեւ այդ բացառելով, հերքելով, դիմադրելով, այլեւայլ պատճառաբանություններով խուսափում էր նման քայլից, ապա այն ի վերջո չկարողացավ չանսալ հանրության ձայնին, եւ ընդառաջ քայլ արեց ընդդիմությանը», որը այսօր, ըստ Մեհրաբյանի, ներկայացնում է ողջ Հայաստանի քաղաքականապես ակտիվ հատվածին:

«Սա ես գնահատում եմ որպես ողջախոհության դրսեւորում` առաջին հերթին իշխանության կողմից, եւ, իհարկե, նաեւ ընդդիմության կողմից: Ի վերջո, ես այսպիսի տպավորություն ունեմ, թե կարծեք մրցավազք է գնում, թե ումն էր այդ նախաձեռնությունը: Իշխանությունը ասում է, թե իրենք էին նախաձեռնողը, ընդդիմություն էլ ասում էր այն, ինչը որ կա, այն,ինչը մինչեւ մարտի մեկն էր ասում` պայմանավորվել դեիմոկրատական խաղի կանոնների պահպանման հարցի շուրջ»,- ասումէ Մեհրաբյանը:

Քաղաքագետի խոսքով, այս բանակցությունների հետագա ընթացքի մասին հիմա խոսելը կանխագուշակումների շարքից է, բայց, ըստ նրա, իհարկե, այս հանդիպումը` վստահաբար վերջինը չի լինելու:

«Հետագայում, իհարկե, տեղի կունան նաեւ օրակարգի շատ կարեւոր ճշգրտումներ, որը մինչեւ այժմ չի արվել, ինչը առաջին հանդիպմամբ հնարավոր չէր եւ չէր էլ նախատեսվում»,- ասումէ փորձագետը:

Նրա խոսքով, այս հանդիպմամբ, Հայաստանում մեկնարկ տրվեց քաղաքական պրոցեսներին, եւ այժմ կարելի է ասել, որ երկրում իրավիճակ է փոխվում: Մանավանդ, ասում է Մեհրաբյանը` Դավիթ Հարությունյանի այն հայտարարությունից հետո, որ իրենց պատվիրակությունը ներկայացնում է ՀՀ գործող նախագահին, այսինքն` գործադիր իշխանությանը:

«Իսկ դա ընդդիմության համար կարեւոր նշանակություն ուներ, որովհետեւ Հայաստանում հենց գործադիր իշխանության հետ էր նախատեսվում հանդիպումը: Կարծում եմ, որ զարգացումները բավականին արագ տեմպերով կընթանան, ընդ որում դա տեղի կունենա անկախ շոգից, անկախ այն ընկալումից, թե ամառը քաղաքականապես մեռած սեզոն է»,- ասում է Մեհրաբյանը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am