ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում այս պահին, մեղմ ասած, հեշտ շրջան չէ, և Մոսկվան ակնկալում է, որ այս փուլը երկար չի տևի։
«Մենք հույս ենք հայտնում, որ իրավիճակը շուտով կկարգավորվի։ Այս ճանապարհին կարևոր քայլ կլիներ այն ռուս քաղաքացիների ազատ արձակումը, ովքեր շարունակվում են պահվել ադրբեջանական իշխանությունների կողմից»,-ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ ադրբեջանական իշխանություններին արդեն փոխանցվել է պաշտոնական նոտա՝ պահանջելով ազատ արձակել ռուսաստանցիներին, որոնց շարքում կան լրագրողներ և զբոսաշրջիկներ։
«Մեր ունեցած տեղեկություններով՝ ադրբեջանական իրավապահ մարմինների նման գործողությունների համար իրավական հիմքեր գոյություն չունեն։ Մենք շարունակելու ենք կապ պահպանել ադրբեջանական կողմի հետ, այդ թվում՝ իրավապահ կառույցների գծով»,-նշել է Զախարովան։



















