Խորհրդարանը քննարկում է Սևանա լճից ավել ջրառը բացառելու մասին օրինագիծ

Խորհրդարանը քննարկում է Սևանա լճից ավել ջրառը բացառելու մասին օրինագիծ
Խորհրդարանը քննարկում է Սևանա լճից ավել ջրառը բացառելու մասին օրինագիծ

ՀՀ ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն առաջարկում է Սևան լճից՝ տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ջրառից ավել ջրառի հնարավորությունը բացառել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Կարապետյանը «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին  օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ հոկտեմբերի 23-ի նիստում:

«Հիմա համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքով սահմանված է լճից 170 մլն խոր. մետր առավելագույն ջրառ: Սակայն 2012-ին Սևանա լճի մասին օրենքում փոփոխությունից հետո ամեն տարի գրեթե կառավարությունը դիմել է ԱԺ-ին՝ ավել ջրառ իրականացնելու առաջարկով, և օրենքով նախատեսվել է ավել ջրառ, մինչև 350 մլն խոր. մետր  ջուր է վերցվել: Մենք առաջարկում ենք, որ 170 մլն խոր մետրը լինի վերին սահման, դրանից ավել ջրառ նաև կառավարության կողմից ջրառ կատարելու առաջարկ չներկայացվի ԱԺ-ին՝ հատկապես, եթե հավանականություն կա, որ կունենանք բացասական հաշվեկշիռ նախորդ տարվա հետ համեմատած»,-ասաց Կարապետյանը:

Նա նշեց՝ չեն կարող Սևանա լիճը դիտարկել միայն որպես ջրի պաշար, որտեղից նեղության դեպքում հնարավորություն ունեն ավել ջրառ իրականացնելու: Նա հիշեց՝լճից նորմալ ջրառը 50-60 մլն խոր. մետր է: Պատգամավորը շեշտեց՝ կառավարությունը պետք է հստակ իմանա  չափը 170 մլն խոր մետր է  և վերջ՝ անկախ նրանից, թե գյուղատնտեսության համար տարին բարենպաստ է , թե ոչ:

Կարապետյանը նաև նկատեց, որ այս տարի անկախ դիտվող ջրիմուռների և բակտերիաների քանակից, Սևանա լիճը մոտ 5 սմ-ով ավելի բարձր է, քան անցյալ տարվա նույն ժամանակում: