Կանանց նկատմամբ բռնության լուսաբանումը ԶԼՄ-ներում․ «Մեդիալաբը» եւ «Դափնեն»՝ լավագույններից

2021թ․ դեկտեմբերի 9-ին, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան ներկայացրեց «Կանանց նկատմամբ բռնության լուսաբանումը հայաստանյան ԶԼՄ-ներում 2019-2020 թթ․» մեդիա հետազոտությունը, ինչպես նաև «Խնդիրներ և խորհուրդներ կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության թեմայի լուսաբանման վերաբերյալ» ուղեցույցը։ Հեղինակներ՝ Զարուհի Հովհաննիսյան և Արման Ղարիբյան։

Կոալիցիայից հայտնում են, որ հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության թեմայի լուսաբանման միտումները հայաստանյան ԶԼՄ-ներում 2019-2020 թվականների ընթացքում, վերհանվել են դրանց հետ կապված էթիկական և այլ խնդիրները, կազմվել է ընտանեկան և սեռական բռնության լուսաբանման ուղեցույց լրագրողների և բոլոր շահագրգիռ կողմերի համար։Կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության թեման առավել զգայուն և հետևողականորեն լուսաբանող լրագրողները ստացել են շնորհակալագրեր։

Շնորհակալագրերը հանձնվեցին www.MediaLab.am և www.DaphneArmenia.am կայքերի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանին, «Մեդիալաբի» թղթակից Ռոզա Հովհաննիսյանին, Kalemon.am-ի հիմնադիր և լրագրող Հասմիկ Հովհաննիսյանին և Առավոտ օրաթերթի լրագրող Նելլի Բաբայանին։

Ներկայացնում ենք «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր, լրագրող, հետազոտության հեղինակներից Արման Ղարիբյանի մեկնաբանությունը․

««Դափնե» նախագիծը բացառիկ է հայաստանյան իրականությունում։ Այն պատմում է տարիներ շարունակ տաբուացված խնդիրների վերաբերյալ նոր լեզվով և պատկերներով։ Որպես ընտանեկան բռնությունը լուսաբանող և մեդիայում թեմայի լուսաբանումը մշտադիտարկող լրագրող-փորձագետ կարող եմ հավաստել, որ «Դափնե»-ն միակն է, որ խնդիրը լուսաբանելիս ներկայացնում է բռնություն վերապրած ու հաղթանակած կանանց։ Նրանց պատմություններում տեսնում ենք ոչ թե ծեծված, խոշտագված, ճնշված ու վախեցած զոհերի, այլ այդ ամենի միջոց անցած, սակայն իրենց ոտքերի վրա ամուր կանգնած ու խնդիրների մասին համարձակորեն բարձրաձայնող կանանց։

«Դափնե»-ն նաև առանձնանում է ընտանեկան բռնություն վերապրած կանանց պատկերավորմամբ։ Միայն այս կայքում են բռնության ենթարկված կանայք ներկայանում իրենց դեմքով և այդ դեմքին կա ժպիտ և լույս և ոչ տխրություն ու բացասական հույզեր։ Գնահատելի են նաև ընտանեկան բռնության պատմությունները նկարազարդումներով ներկայացնելը։ Այդ առումով ևս «Դափնե»-ն բացառիկ է։

Ընդհանուր առմամբ «Դափնե»-ն խոցելի խմբերին հուսադրող ու զորեղացնող նախագիծ է, որի կարիքն այդքան շատ ունեն հատկապես մարգինալացված խմբերի ներկայացուցիչները»։