Նուբարաշենի հրդեհը դիտավորություն է, դիմել եմ ԱԱԾ տնօրենին և ՆԳ նախարարին․ Ավինյան

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է: Ծխացող վերջին հատվածների չեզոքացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են մինչև հիմա: Փրկարար ծառայությունը, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներն ամբողջ գիշեր աշխատել են տեղում: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի տարածած տեսաուղերձում ասում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ուզում եմ շատ հստակ արձանագրել՝ այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր: Արդեն խոսել եմ ԱԱԾ տնօրենի հետ և ՆԳ նախարարի հետ: Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ: Ես երաշխավորում եմ՝ այս դեպքը չի կարող մնալ անպատասխան: Միաժամանակ խստացվել են աղբավայրի տարածք մուտքի և ելքի ռեժիմները»,- ասաց նա: