Լուվրը կողոպուտից հետո գանձերը տեղափոխել է Ֆրանսիայի Կենտրոնական Բանկ

Ֆրանսիայի Լուվր թանգարանը իր ամենաթանկարժեք գանձերից մի քանիսը տեղափոխել է Ֆրանսիայի Կենտրոնական Բանկ, հաղորդում է ֆրանսիական RTL ռադիոն։ Քայլը կատարվել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ տեղի ունեցած գողությունը բացահայտեց թանգարանի անվտանգության համակարգի խոցելիությունը։

RTL-ի տեղեկացմամբ՝ թանգարանի «Ապոլլոնի պատկերասրահից», որտեղ պահվում են Ֆրանսիայի թագավորական գանձերը, մի շարք արժեքավոր առարկաներ գաղտնի տեղափոխվել են ոստիկանության ուղեկցությամբ՝ ուրբաթ օրը։

Ֆրանսիայի Կենտրոնական Բանկը, որը պահում է երկրի ոսկու պաշարները՝ հսկայական 27 մետրանոց ստորգետնյա պահեստում, գտնվում է ընդամենը 500 մետր հեռավորության վրա Լուվրից։

Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Հոկտեմբերի 19-ին գողերը Լուվրից հափշտակել էին ութ թանկարժեք առարկա՝ ընդհանուր 102 միլիոն դոլար արժողությամբ։ Նրանք թանգարան են ներթափանցել աշխատանքային ժամերին՝ վերևի պատուհանը կռունկով ջարդելով և հետագայում փախուստի դիմել մոտոցիկլետներով։

Գողության լուրը մեծ արձագանք է գտել ամբողջ աշխարհում՝ առաջացնելով քննարկումներ և քննադատություն Ֆրանսիայում՝ այն որակելով որպես «ազգային խայտառակություն»։