Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմն անսպասելի չի եղել, սակայն անսպասելի է եղել Ադրբեջանի կողմից ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների ներգրավումը, ինչը փոխում է տեղի ունեցողի կոնտեքստը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում:
«Ադրբեջանն արդեն շատ երկար ժամանակ հանդես է գալիս ռազմատենչ հռետորաբանությամբ, հայերի և հայերի հետ կապված ամեն ինչի նկատմամբ ատելության հռետորաբանությամբ: Եվ մեզ համար սովորական է դարձել, որ Ադրբեջանը խոսում է սպառնալիքների լեզվով: Մեզ համար անսպասելի էր ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների ներգրավումն այս հակամարտության մեջ:
Ես կարծում եմ, որ սա փոխում է տեղի ունեցողի ամբողջ կոնտեքստը: Որովհետև արդեն երեկ ռուսական հատուկ ծառայությունները պաշտոնապես հաստատեցին, որ որոշ ահաբեկչական խմբավորումների գրոհայիններ ներգրավված են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման մեջ:
Եվ ես կարծում եմ, որ հիմա Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Եվ սա շատ բան է փոխում»,- նշել է ՀՀ վարչապետը: