Լուվրի թալանը կատարել են Փարիզի արվարձանի բնակիչներ

Լուվրի թանգարանի գողությունը կազմակերպել են Փարիզի արվարձաններից մեկի՝ Սեն Դենիի բնակիչները, հայտնել է Փարիզի դատախազ Լոր Բեկոն։ Նրա խոսքով՝ այդ շրջանը համարվում է մայրաքաղաքի աղքատ թաղամասերից, և այնտեղ են փաստացի բնակվել գողության գործով ձերբակալված ու մեղադրվող չորս անձինք։

«Սա, իհարկե, ամենօրյա փոքր հանցագործություն չէ, բայց այն պատկանում է այնպիսի միջավայրի, որը սովորաբար չենք կապում կազմակերպված հանցավորության բարձր օղակների հետ»,-ասել է Բեկոն Franceinfo ռադիոկայանին տված հարցազրույցում։

Ձերբակալվել են երեք տղամարդ և մի կին։ Նրանցից երկուսը նախկինում դատապարտված են գողության համար։ Նոյեմբերի 2-ին Փարիզի դատարանը մեղադրանք է առաջադրել ևս երկու անձի՝ 38-ամյա կնոջ, ով ապրում է Կուրնյով քաղաքում (Սեն Դենիի մերձակայքում), և 37-ամյա տղամարդու։ Նրանք հերքում են իրենց կապը գործի հետ։ Կնոջ դերը հանցագործության մեջ դեռ պարզ չէ․ դատարանում նա լացել է և ասել, որ վախենում է իր և իր երեխաների անվտանգության համար, փոխանցում է AFP-ն։

Թալանից երկու շաբաթ անց Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են յոթ կասկածյալների։ Նրանցից երեքին ազատ են արձակել առանց մեղադրանք ներկայացնելու։ Դատախազության տվյալներով՝ գործով որոնվում է առնվազն ևս մեկ մարդ։ Գողացված գոհարները դեռ չեն գտնվել։

Լուսանկարում՝ կայսրուհի Եվգենիայի թագը, որը հանցագործները գողացել էին Լուվրից, սակայն փախուստի ժամանակ թողել են։