«Սթափվելու ժամանակն է, գեներալական գլուխներ թռցնելու ժամանակն է, կոնկրետ պատասխանատվության պետք է ենթարկվեն՝ ով ուզում է լինեն». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, ճիշտ է՝ դեռ գրեթե ոչինչ հայտնի չէ ողբերգական դեպքի մանրամասների վերաբերյալ, այնուամենայնիվ, ձեր մեկնաբանությունն եմ խնդրում 15 զինվորի կյանք խլած հրդեհի դեպքի վերաբերյալ:

– Իմ ուղեղում չի տեղավորվում, որ խաղաղ պայմաններում ընդհանրապես կարելի է հանդուրժել անգամ մեկ զինծառայողի մահ: Այս ամենը պայմանավորում եմ պատասխանատվության, սրտացավության, պրոֆեսիոնալիզմի բացակայությամբ, ինչպես նաև խտրականության, սոցիալական անարդարության ու անտերության հետևանք: Այս ամենը վկայում են բանակում առկա գլոբալ խնդիրների մասին, որոնք տարիներ շարունակ չեն լուծվում, սա, կներեք բառի համար՝ բարդակային մթնոլորտի հետևանք է:

Այս ամենը նաև պատժելիության բացակայության հետևանք է, որովհետև մարդիկ մտավախություն չունեն, այս երկրում որևէ մեկը որևէ արարքի համար պատասխան չի տալիս, ու այս անտերության մթնոլորտում այսպիսի ողբերգություններ են արձանագրվում: Սա համազգային բողոքի առիթ պետք է տա, որովհետև իսկապես այլևս դիմանալու չէ, վերջապես մարդիկ պետք է իրենց ցասումը բարձրացնեն ու ասեն՝ կա՛նգ առեք, հերի՛ք է: Մարդկային կյանքը գրոշի է վերածվել, սա ի՞նչ վերաբերմունք է:

Բանակում կադրային քաղաքականությունը կատարյալ սխալ ուղեգծի վրա է, հարյուրավոր արժանավոր սպաներ մղված են երկրորդ պլան, նրանց չեն արժևորում, իներցիայի ուժով պահպանվում է խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պաշտոնների տեղավորելու ավանդույթը:

Մարտական դիրքերում, սահմանամերձ այդ տարածքներում զորամասերի կահավորման գործընթացում լրջագույն բացթողումներ են: Խորապես համոզված եմ, որ այդտեղ ունեցել ենք համալրվածության խնդիր, սպայական կազմի պատասխանատվությունից դուրս է եղել: Իսկապես սթափվելու ժամանակն է, գեներալական գլուխներ թռցնելու ժամանակն է, կոնկրետ պատասխանատվության պետք է ենթարկվեն՝ ով ուզում է լինեն:

– Օբյեկտիվ ու անաչառ քննության հույս ունե՞ք, եթե նկատի ունենանք մինչ այս եղած դեպքերի քննությունը:

– Նվազագույն հույսեր, իմ վատատեսությունը պայմանավորված է նախորդ տարիների անփառունակ աշխատանքով. Ընդհուպ օբյեկտիվ քննության է բանը հասել, հետո՞, արդյունքում ի՞նչ է եղել, հետևանքների վերացման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են կատարվել:

Հիմա պետք է շատ հստակ նշաձող սահմանել, խոսքս ուղղում եմ էս երկրի կառավարիչներին. եթե մինչև հիմա նշաձող չեք սահմանել՝ դա ձեր խայտառակությունն է, բայց այս ողբերգությունը պետք է դաս լինի, որ այս պահից սահմանեք այդ նշաձողը: Խաղաղ պայմաններում ոչ մի զոհ չպետք է լինի՝ ո՛չ կանոնադրական հարաբերությունների պայմաններում, ո՛չ այսպիսի անփութության պայմաններում, չպետք է լինի ու վե՛րջ:

Ծնողն իր երեխային ուղարկում է բանակ, որ տանեն անտերության մատնեն ու վերջում դիա՞կը վերադարձնեն: Սա խարխլում է մեր հասարակության բարոյահոգեբանական համակարգը, բազմաթիվ ծնողներ մտածում են՝ ինչպես ազատել իրենց երեխաներին բանակից, խախտվում է պետական կառավարման տրամաբանությունը, հայրենիքի պաշտպանության գաղափարաբանությունը: Սա աններելի հանցագործություն է՝ անկախ հանգամանքներից, համազգային բողոք պետք է բարձրացվի, անհանդուրժողականություն պետք է դրսևորվի, սա կարմիր գիծ պետք է լինի՝ ոչ մի զոհ խաղաղ պայմաններում, գնացեք գլուխներդ պատերի՛ն տվեք, չե՞ք տիրապետում իրավիճակին, ազնվորե՛ն ասեք:

– Պարո՛ն Նորիկյան, նախարար Սուրեն Պապիկյանի մեղքի բաժինը ո՞րն է:

– Չեմ կարող ասել, բայց եթե մեղավոր է, ինքն էլ պետք է գնա, 18 զինվորի կյանքը էդքան հե՞շտ է մարսել, ա՛յ քեզ բան, ով ուզում է լինի, ինչ քննարկելու բան կա: Պետք է ուսումնասիրել, հասկանալ՝ ինչ հանգամանքներում են այդ երեխաները հայտնվել, դա ի՛նչ կացարան է, ի՛նչ պայմաններ են եղել, ինչո՛ւ վերակարգ գոյություն չի ունեցել, եթե եղել է՝ արթուն են եղել, թե քնած, ինչու՛ հնարավոր չի եղել կանխել հրդեհը կամ ի՛նչ ծավալի է եղել, որ դարձել է անվերահսկելի ու նմանատիպ բազմաթիվ այլ հարցեր:

– Նման դեպքերից հետո որքանո՞վ են արժանահավատ իշխանության պնդումները, թե բանակում համակարգային փոփոխություններ են կատարվում, կահավորման ու այլնի խնդիր չկա:

– Բանակն այն համակարգն է, որի ցանկացած փոփոխություն տեսանելի է գրեթե ողջ հանրությանը: Ո՞ր փոփոխության մասին են խոսում, որ հանրությունը չի տեսել: Տարիներով եղած խնդիրներն այսօր էլ շարունակվում են: Հնարավոր է՝ ինչ-որ զինամթերք են ձեռք բերում, դա այլ խնդիր է, բայց գլոբալ առումով՝ բանակի արժեհամակարգային փոփոխության առումով, ինչ-որ բան փոխվե՞լ է, բարոյահոգեբանական մթնոլո՞րտ է փոխվել 2020-ից հետո, ճիշտ հակառակը:

Ինչքան մենք մեզ խաբենք, այսպիսի ողբերգություններն անպակաս են լինելու: Սթափվե՛ք, ինքնախաբեությամբ մի՛ զբաղվեք, ճշմարտությանը բա՛ց աչքերով նայեք: Ա՛յ որ ժամանակին այդ թալանչիներից միլիարդները բերվեին ու նորմալ զորամասային ու կացարանային պայմաններ ապահովվեին, այսօր էս ողբերգությունը չէինք ունենա: Էդ ի՞նչ պայմաններում եք պահում մեր երեխաներին, որ նման ողբերգության զոհ են դառնում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am