ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին, որը նրան նվիրել է իր Խաղաղության Նոբելյան մրցանակի մեդալը։ Այս մասին Թրամփը հայտնել է Truth Social հարթակում։
«Մեծ պատիվ էր այսօր հանդիպել Վենեսուելայից Մարիա Կորինա Մաչադոյին։ Նա հրաշալի կին է, որը շատ փորձությունների միջով է անցել։ Մարիան ինձ նվիրեց իր Խաղաղության Նոբելյան մրցանակի մեդալը՝ իմ կատարած աշխատանքի համար։ Սա փոխադարձ հարգանքի հրաշալի ժեստ է։ Շնորհակալություն, Մարիա», – գրել է ԱՄՆ նախագահը։
Reuters-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը հաստատել է, որ Թրամփը մտադիր է պահել մեդալը։
Մաչադոն իր հերթին հանդիպումը գնահատել է «գերազանց»՝ նշելով, որ այդ նվերով նա հարգանքի տուրք է մատուցում Վենեսուելայի ժողովրդի ազատությանն ուղղված Թրամփի հանձնառությանը։
Չնայած Մաչադոն Թրամփին է նվիրել ոսկե մեդալը, որը տրվում է Նոբելյան մրցանակի դափնեկիրներին, մրցանակը շարունակում է պատկանել նրան։ Նոբելյան ինստիտուտը հայտնել է, որ մրցանակը չի կարող փոխանցվել, կիսվել այլ անձանց հետ կամ մերժվել։
Ավելի վաղ, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը հատուկ գործողության ընթացքում ձերբակալելուց և ԱՄՆ տեղափոխելուց հետո, Թրամփը հրաժարվել էր Մաչադոյին նշանակել Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ այդ պաշտոնում նշանակելով երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին։
Մարիա Կորինա Մաչադոյին Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել էր հոկտեմբերին։ Նոբելյան հանձնաժողովը նշել էր, որ որպես Վենեսուելայի ժողովրդավարական շարժման առաջնորդ՝ նա վերջին տարիներին Լատինական Ամերիկայում դարձել է «քաղաքացիական քաջության ամենաարտասովոր օրինակներից մեկը»։



















