Եվ ուրեմն` հանգիստ նստեք տեղներդ․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հանրապետության հրապարակի մետրոյի հանրային տարածքում ասֆալտին խմբակային ծեփվելն ու դիվահար ծղրտոցները նորարարական արվեստ, ֆուտուրիստական պոեզիայի էքսպերիմենտալ ընթերցում, պերֆորմանս ու մոդեռնիստական ճիչ համարողներին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս` հանգիստ նստեք տեղներդ: Այո, դուք իրավունք ունեք լինելու գռեհիկ, հակաէսթետիկ, հակահիգիենիկ ու հակամշակութային: Դա ձեր անձեռնմխելի իրավունքն է: Բայց դուք իրավունք չունեք ձեր հակահիգիենիկ և անառոջ բնազդները իրացնել հանրային տարածքներում: 
Ու եթե որոշ անհասկանալի սուբյեկտներ հղում են անում ազատ ստեղծագործելու իրենց սահմանադրական իրավունքին` ասֆալտի վրա գալարումները համարելով «արվեստ», վերջիններիս հիշեցնեմ, որ հանրային վայրերում պատերին ծեփվելով և մարդկանց դիվահար ոռնոցներով ահաբեկելով, իրենք խախտել են մարդու իրավունքների և հատկապես երեխայի իրավունքի հետ կապված միջազգային միանգամից մի քանի կոնվենցիա:

Իսկ շատ երկար անուն ունեցող նախարարության հատուկ հանձնաժողովը, որի որոշմամբ հարկատուների, այսինքն` ՀՀ քաղաքացիների հարկերից ֆինանսավորվել է հակաէսթետիկ և հակահիգիենիկ այդ սուբլիմացիան, բացի հաշվետվություն ներկայացնելու, թե ինչպե՞ս է ասֆալտին ծեփվելը գնահատվել 2.7 միլիոն դրամ, արդար կլինի, ճիշտ կլինի, որ իրենց գրպանից հարկատուների գումարը վերադարձնեն պետական բյուջե և տեղում ինքնալուծարվեն»: