Նիդեռլանդների քաղաքացին Հայաստան է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց․ կան ձերբակալվածներ. ՊԵԿ

Նիդեռլանդների Թագավորության քաղաքացին օդային ճանապարհով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել 845 գրամ  «կոկաին» տեսակի թմրամիջոց։ Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ։

«ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օրերս տվյալներ էին ստացվել, որ Հայաստան  է ժամանել Նիդեռլանդների Թագավորության քաղաքացի Ռ․Դ․-ն, ով հնարավոր է մաքսանենգ եղանակով իր հետ ներմուծել է թմրամիջոցներ։

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին նույն օրը Վիեննա-Երևան չվերթով ժամանել է Հայաստան ու հանգրվանել Երևան քաղաքի հյուրանոցներից մեկում։

Որոնողական աշխատանքների արդյունքում Նիդեռլանդների Թագավորության քաղաքացին հայտնաբերվել և հրավիրվել է  մաքսային հսկողության գոտի և ռենտգենային սկանավորման միջոցով ենթարկվել անձնական մաքսային զննման:  Արդյունքում, նրա որովայնի շրջանում նկատվել են կասկածելի օտար մարմիններ:

Ռ.Դ.-ն տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ քաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճ»,- նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Թմրամիջոցների մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նա ձերբակալվել է:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ  իրականացրել են օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ: Պարզվել է թմրամիջոցների ՀՀ ներկրումը և հանրապետության տարածքում դրանց հետագա իրացումը կազմակերպած հնարավոր անձանց ինքնությունը։

«Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակում, Երևանի հասցեներից մեկում, թմրամիջոցների մաքսանենգություն և իրացում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ևս 2 քաղաքացի:   

Ռ․Դ․-ն, Ա․Պ․-ն և Ս․Մ․-ն ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քաղաքացիները ձերբակալվել են, նրանց բնակության վայրերում իրականացվել են խուզարկություններ։