Amnesty International-ը արձագանքել է Ռուբեն Վարդանյանի դատապարտմանը՝ այն բնորոշելով որպես «արդարադատության ծաղր»։ Կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Մարի Ստրութերսի խոսքով՝ 16 ամբաստանյալների դատապարտումը, որն ավարտվել է Վարդանյանի նկատմամբ 20 տարվա ազատազրկմամբ, «ոչ այլ ինչ է, քան արդարադատության ծաղր»։
Նա ընդգծել է, որ մի շարք քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Վարդանյանը, դատվել են ռազմական դատարանում, ինչը անհամատեղելի է արդար դատաքննության երաշխիքների հետ։ Կազմակերպության տվյալներով՝ դատավարությունը եղել է գրեթե փակ, ապացույցները ներկայացվել են լեզվով, որը մեղադրյալները չեն հասկացել, իսկ մեղադրանքները ամբողջությամբ հրապարակային չեն ներկայացվել։
Amnesty International-ը նաև հայտնել է, որ դիմել է ադրբեջանական իշխանություններին՝ դատավարության և ներկայացված ապացույցների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար, սակայն պատասխան չի ստացել։
Կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան արդար դատաքննություն։



















