Իրանի մայրաքաղաք Թեհրանի մերձակա Փարանդ քաղաքում փետրվարի 18-ին հրդեհ է բռնկվել։ Ականատեսների վկայությամբ՝ ծխապատ է մի քանի ռազմական և ռազմավարական օբյեկտների հարակից տարածքը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանական պետական լրատվամիջոցներին։
Հրապարակված տեսանյութերում երևում է, որ ծուխը բարձրանում է Թեհրանի նահանգում գտնվող մի քանի ռազմական և ռազմավարական նշանակության օբյեկտների մերձակա տարածքից։
Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փարանդ քաղաքի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ քաղաքի արվարձանում նկատված սև ծուխը պայմանավորված է համանուն գետի ափին աճող եղեգնուտներում բռնկված հրդեհով։ Նշվում է, որ հրշեջները իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։



















