ԱՄՆ արևելյան ափին ռեկորդային ձնաբքի պատճառով չեղարկվել է շուրջ 6000 չվերթ

ԱՄՆ-ի արևելյան ափին ուժգին ձնաբքի պատճառով, FlightAware ծառայության տվյալներով, չեղարկվել է ԱՄՆ-ի ներքին, դեպի ԱՄՆ և ԱՄՆ-ից իրականացվող ընդհանուր առմամբ 5706 չվերթ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Տեղեկության համաձայն՝ Նյու Յորքի «ԼաԳուարդիա» օդանավակայանում չեղարկվել է չվերթերի 98 տոկոսը, իսկ քաղաքի հիմնական օդանավակայանում՝ «Ջոն Ֆ. Քենեդի» (JFK),՝ 91 տոկոսը։ Այս երկու օդանավակայանները սովորաբար օրական սպասարկում են ավելի քան 335 հազար ուղևորի։

Երկու վայրերում էլ տեղացել է մոտ 48 սմ ձյուն։ Տարածաշրջանում ձյան տեղումները շարունակվում են։ Կանխատեսվում է, որ դեպի ԱՄՆ և ԱՄՆ-ից ևս շուրջ 2000 չվերթ կչեղարկվի։

Ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ Ռոդ Այլենդ և Մասաչուսեթս նահանգների որոշ շրջաններում ձյան տեղումների քանակը հասել է գրեթե 94 սմ-ի։

Արևելյան ափին ավելի քան 600 հազար տուն և բիզնես մնացել են առանց էլեկտրաէներգիայի. ամենաշատը տուժել են Նյու Ջերսի և Մասաչուսեթս նահանգները։

Ռոդ Այլենդում՝ ԱՄՆ ամենափոքր նահանգում, գրանցվել է ամենամեծ ձյան տեղումը։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ սա դարձել է նահանգում երբևէ արձանագրված ամենաուժեղ ձնաբուքը։

PowerOutage մոնիթորինգային ծառայության տվյալներով՝ Մասաչուսեթսում գրեթե 300 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, այդ թվում՝ Բարնստեյբլ շրջանի բնակիչների 85 տոկոսը։