«Տարածված բավականին թույլ հայտարարություններըմեր իշխանության բավականին ապաշնորհ քաղաքականությամբ են պայմանավորված». Սուրեն Սուրենյանց

A protest action with a demand to unblock the Artsakh Armenians and open the Lachin’s corridor connecting Armenia to Artsakh took place in front of the Russia Embassy in Yerevan, Armenia

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

Պարո՛ն Սուրենյանց, Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, արդեն չորրորդ օրն է՝ Արցախը զրկված է գազամատակարարումից: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության ու նաև Ռուսաստանի, որը չորրորդ օրը միայն խոսեց այս մասին,  արձագանքները:

– Միջազգային բոլոր խաղացողները, այո՛, Ռուսաստանը՝ քիչ առաջ, մյուսները՝ մի քիչ ավելի վաղ, հայտարարություններ են տարածել, ըստ էության՝ նման տեքստերով, որոնք բավականին թույլ են ներգործության իմաստով: Այսինքն՝ ենթադրել, որ այդ հայտարարությունները շատ ուժեղ ազդելու են Ադրբեջանի վրա, ամենևին էլ այդպես չէ, որովհետև այդ հայտարարություններում ակնհայտորեն հորդոր է հնչում, ու չկա այն գնի մասին հիշատակում, որ Ադրբեջանը կվճարի, եթե շարունակի փակ պահել միջանցքը:

Գոնե առայժմ, ես այդ բնույթի հայտարարություն չեմ լսել, որը ենթադրի, որ հայտարարություն անող կողմը դիմելու է ինչ-որ պատժամիջոցների: Այսինքն՝ դեկլարատիվ հայտարարություններ են, Ռուսաստանի պարագան մի քիչ այլ է, որովհետև նա նաև բանակցային գործընթացի մեջ է, որպեսզի ճանապարհը բացվի:

Բոլոր հայտարարություններն իհարկե կարևոր են, բայց չպետք է գերագնահատել դրանց նշանակությունը, քանի դեռ այդ հայտարարությունները Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու տարր չեն կրում իրենց մեջ:

Այսպիսի բովանդակությամբ հայտարարություններն ինչո՞վ եք պայմանավորում:

– Մի քանի գործոնով. նախ՝ մեր խնդիրներն ակնհայտորեն աշխարհի ուշադրության կենտրոնում չեն, այսինքն՝ այն չափով, որքանով Ուկրաինայի խնդիրները: Ես մի քանի անգամ հրապարակավ ասել եմ, որ ինչքան Ուկրաինայում էսկալացիան խորանա, այնքան մեր խնդիրների նկատմամբ ուշադրությունը նվազելու է:

Սա պայմանավորված է նաև մեր իշխանության բավականին ապաշնորհ քաղաքականությամբ, այսինքն՝ Հայաստանը չունի օրակարգ և ակնկալել, որ չեղած օրակարգի շուրջ ինչ-որ կոնսոլիդացիա պետք է լինի, միամիտ պատրանքներ են:

Հայաստանի այն դեգերումները, որոնց մասին խոսում էինք՝ Վաշինգտոնից Բրյուսել, Բրյուսելից Մոսկվա, անհասկանալի իրարամերժ հայտարարությունները, ի վերջո իրենց դերն ունեցել են: Պետք է նկատի ունենանք նաև մեկ դառը ճշմարտություն՝ մենք ավելի նվազ կարևորություն ենք ներկայացնում աշխարհի համար, քան, ցավոք սրտի, մեր թշնամիները:

– Իսկ Հայաստանի Հանրապետության արձագանքն ինչպե՞ս եք գնահատում, պարո՛ն Սուրենյանց:

– Հայկական կողմն այնպիսի արձագանք չի տվել, որը հատուկ հիշատակման անհրաժեշտություն ունենա: Ավանդական, պոստ ֆակտում ինչ-որ արձագանքներ. վարչապետի այսօրվա արձագանքն էլ շատ ստանդարտ էր, ավելի շատ փաստերի արձանագրում էր: Ենթադրել, որ այս պայմաններում հնարավոր կլինի Ադրբեջանի վրա կոնսոլիդացված ճնշում գործադրել՝ միամտություն է:

Հայկական կողմը հիմա պետք է շեշտը դնի ցանկացած գնով բանակցային գործընթացը վերականգնելու վրա, որովհետև միակ երաշխիքը, որ նման ֆորսմաժորներ չեն լինի, կարգավորման գործընթացում առաջընթացն է ու հարաբերությունների կարգավորումը:

Ի տարբերություն նախորդ անգամվա, երբ ռուսական կողմը ժամերի ընթացքում կարողացավ բացել փակ ճանապարհը, այս անգամ չի ստացվում, ինչո՞ւ: Համակարծի՞ք եք հնչող տեսակետներին, որ սա ռուս-ադրբեջանական համատեղ ծրագիր է:

– Այդ մարդիկ որ խոսում են ռուս-ադրբեջանական համատեղ ծրագրի մասին, որևէ փաստարկ չեն բերում:

«Զանգեզուրի միջանցքը», ասում են՝ նպատակը սա է:

– Ես չեմ կարծում, որ որևէ երկիր իր ռազմական ներկայությունը վտանգելու գնով ինչ-որ համաձայնության գնա: Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամի հետևանքով ոտնահարվում են մեր կենսական շահերը, բայց նաև ակնհայտորեն, առնվազն հեղինակության առումով՝ շատ մեծ հարված է ստանում Ռուսաստանը՝ իր խաղաղապահ առաքելությամբ հանդերձ:

Ես չեմ կարծում, թե սա Հայաստանին ինչ-որ բան պարտադրելու լավագույն ձևն է ռուսների համար: Այդ տրանսպորտային հաղորդակցության մասով պետք է հասկանալ, թե ինչ են ուզում մեզանից, եթե ուզում են այն, ինչ ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ տրանսպորտային հաղորդակցություն ռուսական վերահսկողությամբ, որը չի վտանգելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իհարկե լավագույն լուծումը չէ, նույնիսկ՝ անբարենպաստ է, բայց սա լուծում է, որի տակ ստորագրել է Հայաստանը, այսինքն՝ վաղ թե ուշ այդ լուծմանը Հայաստանը գնալու է, ու սին են Նիկոլ Փաշինյանի այն հույսերը, որ, կներեք բառիս համար, խաբս տալով, հնարավոր է խուսափել այս լուծումից:

Ըստ եռակողմ հայտարարության՝ այո՛, դա միջանցք չէ, բայց եթե դա մյուս կոմունիկացիաներից տարանջատված է, եկեք ընդունենք, որ սովորական կոմունիկացիա էլ չէ: Հետևաբար պակաս ռիսկերով պետք է գնալ այդ խնդրի լուծմանը, որպեսզի կանխենք Ադրբեջանի հնարավոր ագրեսիան:

Իսկ ինչո՞ւ այս անգամ Ռուսաստանը չի կարողանում հնարավորինս շուտ բացել միջանցքը:

– Հնարավորությունները խիստ սահմանափակվել են ուկրաինական պատերազմի պատճառով: Բաքվում էլ են սա շատ լավ հասկանում ու փորձում են այս կերպ իրենց օրակարգը հնարավորինս արդյունավետ օգտագործել: Ոչ թե դավադրություն է պետք փնտրել կատարվողում, այլ շատ լավ հասկանալ, որ ուկրաինական պատերազմը ռուսական կարողությունների մեծ մասը սահմանափակել է, Ռուսաստանի ձեռքերը մի շարք առումներով կապված են, իսկ այս պարագայում Ադրբեջանը, Լաչինում ճնշում գործադրելով, փորձում է հասկանալ՝ որտեղ են հասել ռուսական կարմիր գծերը:

Զարգացումների ինչպիսի՞ ընթացք եք կանխատեսում, պարո՛ն Սուրենյանց:

– Կանխատեսում եմ, որ ռուսների միջնորդությամբ ինչ-որ համաձայնություններ ձեռք կբերվեն, տա Աստված, որ դրանք շատ ցավոտ չլինեն Հայաստանի համար, ու, ի վերջո, ճանապարհն օրերի ընթացքում բացվի, որովհետև սա երկարատև ակցիա չէ, կարճաժամկետ ակցիա է, որը սպասարկում է կոնկրետ օրակարգ:

Ո՞րն է այդ օրակարգը:

– Ադրբեջանը ուզում է մի քանի ուղղությամբ խնդիր լուծել. փորձում է ճշտել՝ այս իրավիճակում ինչպիսին է Ռուսաստանի ազդեցության չափը: Երկրորդ՝ նրանք շատ են ուզում, որ ռուսական խաղաղապահ առաքելության ապահովման կոմունիկացիաների դիվերսիֆիկացում լինի, այսինքն՝ ստեղծեն մի իրավիճակ, որ ռուս խաղաղապահները ստիպված լինեն օգտվել Ադրբեջանի տրանսպորտային կոմունիկացիաներից, իսկ այս պարագայում Բաքուն իր համար շատ ավելի «անվտանգ ու անշառ» խաղաղապահ առաքելություն կունենա:

Երրորդ՝ փորձում են միջազգայնորեն ամրապնդել այն թեզը, որ ԼՂ-ի խնդիրն իրենց ներքին գործն է: Չորրորդ՝ փորձում է կոմունիկացիա ստանալ Հայաստանից, որը հնարավորինս քիչ է վերահսկվելու Երևանի կողմից:

Այս չորս ուղղություններով էլ աշխատում են, ու դրանցից որո՛ւմ կկարողանան զիջում կորզել Ռուսաստանից կամ Հայաստանից, իսկ որում՝ չեն կարող, ցույց կտա ժամանակը: Բայց ինչ-որ զիջումներ ակնհայտորեն կորզելու են:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am