Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման կանոններում փոփոխություն կկատարվի. Արփինե Սարգսյան

ՀՀ կառավարությունը փոփոխել է էլեկտրամոբիլների հաշվառման և գույքահարկի կարգը: Նոր մեթոդաբանությամբ շարժիչի հզորությունը հաշվի կառնվի կայուն ցուցանիշի կամ, պիկային հզորության դեպքում, կիրառվելու են գործակցային հաշվարկներ՝ քաղաքացիների համար վճարները զգալիորեն նվազեցնելու համար: Հաշվարկը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ նոր կարգավորումը՝ ապրիլի 1-ից, և կգործի մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը:

«Օրակարգային այս հարցով ձեր քննարկմանն է ներկայացված նախագիծ, որով առաջարկում ենք փոփոխել գործող կանոնակարգը էլեկտրամոբիլների հաշվառման, ընդ որում՝ պիտի փաստեմ, որ նախագծի փոփոխության առաջարկը եկել է մեր քաղաքացիներից: Անցյալ տարվա կտրվածքով մի շարք դիմումներ ենք ստացել, որոնցով դիտարկել ենք այն հարցը, որ հաշվառման կարգը փոփոխենք, որպեսզի գույքահարկի հաշվարկման կանոններում ևս միատեսակություն կարողանանք երաշխավորել մեր քաղաքացիների համար»,- նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։