Մոսկվայում Հայաստանի վարչապետը հանդես է եկել անկախ և ինքնիշխան պետության դիրքերից, և ես հպարտությամբ էի հետևում նրան, Պուտին-Փաշինյան հանդիպման վերաբերյալ իր տպավորություններն այսպես է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք մոսկովյան հանդիպման ընթացքում Հայաստանին ուղղված էին զգուշացումներ կամ վերջնագրեր, Սիմոնյանը նշել է, որ նման խոսակցությունները նոր չեն։ Նրա խոսքով՝ ապրանքաշրջանառության կամ գազի գնի վերաբերյալ նման քննարկումներ եղել են տարիներ շարունակ։
«Մենք Ռուսաստանի Դաշնության դեմ որևէ քայլ չենք արել, չենք անում և չենք պատրաստվում անել։ Միևնույն ժամանակ շարունակելու ենք պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը», – ասել է Սիմոնյանը։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ եթե երբևէ նման որոշումներ կայացվեն, Հայաստանը նույնպես իր քայլերը կձեռնարկի։
«Եթե նման իրավիճակ ստեղծվի, Հայաստանը ևս իր որոշումը կընդունի և կարող է դուրս գալ թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ ԵԱՏՄ-ից», – ասել է ԱԺ նախագահը այսօրվա ճեպազրույցում։
Սակայն Սիմոնյանը հավելել է, որ նման զարգացում չի ակնկալում։
«Չեմ կարծում, որ դա տեղի կունենա, որովհետև հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարների միջև նաև շատ լավ զրույց է եղել», – նշել է նա։



















