ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում հրապարակել է արհեստական բանականությամբ ստեղծված պատկեր, որտեղ ներկայացված է սուրբ բժշկողի կերպարում։ Գրառմանը որևէ բացատրություն չի կցվել, սակայն դրանից անմիջապես առաջ նա նույն հարթակում կոշտ ձևակերպումներով քննադատել էր Հռոմի պապ Լևոն XIV-ին (Leo XIV)։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն:
Պապ Լևոն XIV-ը ապրիլի 11-ին անցկացված խաղաղության աղոթքի ընթացքում կոչ էր արել առաջնորդվել բանակցություններով՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է նստել «բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե այն սեղանի, որտեղ որոշումներ են ընդունվում մահաբեր գործողությունների մասին»։ Այս հայտարարությանը արձագանքելով՝ Թրամփը նշել էր, որ քաղաքական հարցերում պապը «սարսափելի է»։
Թրամփը նաև հայտարարել է, որ իրեն «պետք չէ» պապ, որը, իր գնահատմամբ, հանդուրժում է Իրանի միջուկային հավակնությունները կամ քննադատում է ԱՄՆ գործողությունները Վենեսուելայի նկատմամբ։ Նրա խոսքով՝ ինքը գործում է իր ընտրողների վստահությամբ և չի ընդունում այդ քննադատությունը։
ԱՄՆ նախագահը նաև պնդել է, թե պապ Լև XIV-ը պետք է «շնորհակալ լինի» իրեն՝ նշելով, որ նրա ընտրվելը պայմանավորված է ամերիկացի լինելու հանգամանքով։ «Եթե ես չլինեի Սպիտակ տանը, Լևը չէր լինի Վատիկանում»,- գրել է Թրամփը՝ կոչ անելով պապին կենտրոնանալ իր հոգևոր առաքելության վրա, այլ ոչ թե զբաղվել քաղաքականությամբ։
Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին ամերիկացի պապը՝ Լևոն XIV-ը, իր ելույթում շեշտել է, որ եկեղեցին շարունակելու է կոչ անել խաղաղության՝ նույնիսկ այն դեպքում, երբ պատերազմի տրամաբանությունից հրաժարվելը կարող է առաջացնել անհասկացվածություն կամ քննադատություն։ Մեկ շաբաթ առաջ՝ Զատկական «Urbi et Orbi» ուղերձում, նա նաև կոչ էր արել «զենքերը վայր դնել» և «ընտրել խաղաղությունը»։



















