«Եթե ընդդիմությունն ընդհանրապես աշխատանքի էլ չգնա, իշխանության գործողություններին դա չի էլ խանգարի». Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, խորհրդարանական մեծամասնությունն այսօր պաշտոնանկ արեց ընդդիմադիր պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնից, Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, որին հաջորդեցին ընդդիմադիր պատգամավորների հրաժարականները հանձնաժողովների նախագահի ու փոխնախագահի պաշտոններից: Իշխանական խմբակցությունը չբացառեց նաև, որ կքննարկեն ընդդիմադիրներին պատգամավորական մանդատներից զրկելու հարցը ևս: Այս գործընթացն ինչի՞ կարող է հանգեցնել ներքաղաքական կյանքում:

– Միանշանակ պատասխան չենթադրող գործընթաց է: Բնականաբար, այն ժամանակ, երբ ընդդիմությունն ուժեղ էր, ինքն էր օրակարգ թելադրում իշխանությանը, իշխանությունը ձայն չէր հանում: Հիմա, երբ ընդդիմությունն էականորեն թուլացավ, իսկ դա նկատելի է, որովհետև որևէ գործողություն տեղի չի ունենում, իսկ իրենց հանրահավաքներին 1000-1500 մարդ է մասնակցում, իշխանությունը տեսավ դա ու որոշեց, ավելի ճիշտ՝ կոնկրետ մեկը որոշեց պատժել այն գործչին, որը հանրահավաքի ժամանակ իր հասցեին վիրավորանքներ է հնչեցրել, իսկ խորհրդարանական մեծամասնությունն էլ այդ կարգադրությունը 100-տոկոսանոց ճշմարտության տեղ ընդունեց: 

Գիտեք՝ ի՛նչ իրավիճակում ենք հիմա, որ ես քո ինադու այսպիսի բան կանեմ, էն մյուսն էլ ասում է՝ ես էլ քո ինադու էս կանեմ, այսինքն՝ ինադուների կռիվ է ստացվում: Ասել, որ պաշտոններից զրկելը մեծ վնաս էր ընդդիմության համար, սխալ կլինի, որովհետև նրանք չէին կարողանում այդ պաշտոններն օգտագործել, քանի որ իշխանական խմբակցությունը մեծամասնություն է:

– Իսկ խորհրդարանում այդ իրավիճակը չի՞ հանգեցնի քաղաքական ճգնաժամի:

– Ո՛չ, որովհետև խորհրդարանում իշխող ուժն ունի սահմանադրական մեծամասնություն և ինչ ուզի, կողմ քվեարկելով՝ կանցկացնի, հատկապես երբ ունի Արևմուտքի աջակցությունը, և վերջինս այս ամենին ուշադրություն չի դարձնի ու չի գնահատականներ հնչեցնի: 

Իրականում երկրում է քաղաքական ճգնաժամ, որովհետև կապիտուլյացիայից հետո որևէ զարգացում տեղի չի ունեցել, ու այդ փաստաթուղթը կնքած ուժը մնացել է իշխանության: Երկրում հիմա կա քաղաքական ճգնաժամ, բայց խորհրդարանում դե յուրե ոչ մի ճգնաժամ չկա: Եթե ընդդիմությունն ընդհանրապես աշխատանքի էլ չգնա, իշխանության գործողություններին դա չի էլ խանգարի, մեծ հաշվով, խորհրդարանական մեծամասնությունը կարող է այսպես ձգել մինչև 2026 թվականը, որևէ խնդիր չկա:

– Պարո՛ն Բադալյան, ինչո՞ւ ընդդիմությունը չհաջողեց, ու, ինչպես ասում եք՝ էականորեն թուլացավ:

– Որովհետև իրենց սահմանած նշաձողին հասնելու համար, նախ՝ պետք է կոնկրետ քայլեր նշեին, թե ինչպես են դրան հասնելու: Երբ դու ունես նշաձողի ընդամենը միտինգային արտահայտություն՝ «Առանց Նիկոլ Հայաստան», ու քո գործողություններն էլ պլանավորում ես ընդամենը մեկ շաբաթվա կտրվածքով, իսկ հաջորդ շաբաթներին չգիտես՝ ինչ անել, բնականաբար, չես կարող ոչ մի տեղ հասնել: 

– Խորհրդարանական ընդդիմություն-իշխանություն այս պայքարն ի՞նչ զարգացումներ կունենա:

– Պետք է միմյանց մեղադրեն, իրար ինադու բաներ անեն, տունտունիկ են խաղալու մինչև իսկ:

– Այսինքն՝ որ իշխանափոխության կհասնեն՝ հնարավոր չե՞ք համարում, պարո՛ն Բադալյան:

– Ոչինչ չեմ բացառում: Ցույց կտա աշնանային գործընթացը, որովհետև ընդդիմությունը խոստացել է աշնանը ինչ-որ բան անել, թեժ աշուն են խոստացել: Ասել են՝ չենք գնալու խորհրդարան, հետևաբար պետք է խորհրդարանից դուրս ինչ-որ բան անեն: Չեն կարող խորհրդարան չգնալ ու դրսում էլ ոչինչ չանել: Անորոշ իրավիճակ է, իսկ անորոշությունը, չգիտես՝ որքան կարող է շարունակվել:

– Հարթակի ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև տարաձայնություններ կա՞ն:

– Տարաձայնություններ չկան: Տարբեր մոտեցումներ՝ գուցե կան, բայց տարաձայնություններ չկան, որովհետև այդ դեպքում միասին հարթակում չէին կանգնի:

Քրիստինե Աղաբեկյան