Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն երկխոսության շարունակությունը այժմ կախված է իրանական կողմից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ Fox News-ին տված հարցազրույցում։
«Չէի ասի, թե բանակցություններում ամեն բան վատ է ընթացել։ Շատ բաներ լավ են ընթացել։ Մեծ առաջընթաց է գրանցվել», – ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ը հստակ նշել է, թե որտեղ կարող է ճկունություն ցուցաբերել և ինչ պայմանների ապահովման դեպքում հնարավոր կլինի հասնել համաձայնության։
Վենսը նաև դրական է գնահատել Իրանի հետ նման բարձր մակարդակով բանակցությունները։
«Գլխավոր հարցն այն է՝ արդյոք իրանական կողմը բավարար ճկունություն կցուցաբերի, արդյոք կընդունի այն կարևոր կետերը, որոնք մենք պետք է տեսնենք՝ առաջ շարժվելու համար», – նշել է նա։
Վենսը ընդգծել է, որ ԱՄՆ-ի բոլոր «կարմիր գծերը» բխում են այն սկզբունքից, որ Իրանը երբեք չպետք է ունենա միջուկային զենք, և դա պետք է լինի ստուգելի։ Նրա խոսքով՝ Իրանը պատրաստակամություն է ցուցաբերում, ինչը դրական է գնահատվում։
Ամերիկյան կողմի պահանջներից մեկն այն է, որ Իրանում առկա հարստացված ուրանը դուրս բերվի երկրից։ ԱՄՆ-ը նաև ցանկանում է վերահսկողություն հաստատել այդ ուրանի նկատմամբ, որը, ըստ Վենսի, 2025 թվականի հունիսին ամերիկյան հարվածներից հետո թաղված է գետնի տակ։
Վենսը հավելել է, որ Իրանը չպետք է հնարավորություն ունենա հարստացնելու ուրանը։
Լրագրողի հարցին՝ արդյոք սպասվում են նոր բանակցություններ, Վենսը պատասխանել է. «Լավ կլինի, որ այդ հարցն ուղղվի իրանցիներին, քանի որ գնդակն իրականում նրանց դաշտում է»՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը հստակ նշել է՝ միջուկային նյութը պետք է դուրս բերվի Իրանից։
Նրա խոսքով՝ Իսլամաբադում գտնվող իրանական պատվիրակությունը չէր կարող գործարք կնքել և ստիպված էր վերադառնալ Թեհրան՝ ամերիկյան պայմանների շուրջ համաձայնություն ստանալու համար։
«Հաջորդ քայլը կախված է իրանցիներից», – նշել է ԱՄՆ փոխնախագահը։
Նա նաև հավելել է, որ Պակիստանում բանակցությունների ընթացքում քննարկվել է Հորմուզի նեղուցի լիարժեք վերաբացումը։
«Եթե նրանք դա չանեն, ապա դա հիմնովին կփոխի նրանց հետ բանակցությունների բնույթը», – նշել է Վենսը։
«Մենք պետք է դուրս բերենք հարստացված նյութը Իրանից։ Պետք է նրանցից ստանանք վերջնական հաստատում, որ նրանք միջուկային զենք չեն մշակի։ Կարծում եմ՝ եթե իրանցիները պատրաստ են ընդառաջ քայլ անել, դա կարող է շատ լավ գործարք լինել երկու երկրների համար։ Եթե ոչ՝ դա նրանց ընտրությունն է», – հավելել է նա։
Վենսի խոսքով՝ ԱՄՆ-ը ունի ռազմական առավելություն և տնտեսական ճնշում է գործադրում Իրանի վրա՝ իրանական նավահանգիստների շրջափակման միջոցով։ Նա նշել է, որ այդ շրջափակման պայմաններում ոչ մի նավ չի կարող մուտք գործել կամ լքել իրանական նավահանգիստները։
Ապրիլի 11-ին Իրանը և ԱՄՆ-ը Իսլամաբադում անցկացրել են բանակցությունների մի քանի փուլ։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Կողմերին չի հաջողվել հասնել համաձայնության հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում՝ առկա տարաձայնությունների պատճառով։
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ապրիլի 13-ից Իրանի նկատմամբ սահմանում է ծովային շրջափակում։



















