Ալեքսանդր Լապշինին մուտքը Հայաստան արգելվել է

Բլոգեր Ալեքսանդր Լապշինին արգելել են մուտք գործել Հայաստան։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 5-ին Երևանի օդանավակայանում, որտեղ նրան տեղեկացրել են, որ չի կարող մուտք գործել երկիր և պետք է հետ վերադառնա։

Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի բելոռուսական ծառայությունը՝ նշելով, որ սահմանապահները չեն ներկայացրել որևէ պաշտոնական փաստաթուղթ կամ մանրամասն հիմնավորում։

Լապշինի խոսքով՝ իրեն ասել են, որ մուտքի արգելքը կապված է իր հրապարակած տեսանյութերից մեկի հետ: Տեսանյութում Բաքվից Հայաստան վերադարձված հայ գերին պատմում է Ադրբեջանի բանտում գերության վատ պայմանների, վերաբերմունքի, ճնշումների մասին։

«Ինձ ասացին, որ պատճառը այդ տեսանյութն է, որտեղ հայ գերին պատմում է Բաքվի բանտում տեղի ունեցողի մասին։ Ըստ նրանց՝ դա կարող է վնասել հայ-ադրբեջանական հարաբերություններին»,-նշել է Լապշինը։

Նա նաև պատմել է, որ մինչ այդ փորձել էր էլեկտրոնային վիզա ստանալ իսրայելական անձնագրով, սակայն մերժվել էր։ Չնայած դրան՝ մեկնել էր Երևան՝ հույս ունենալով տեղում լուծել հարցը, սակայն կրկին մերժում է ստացել։

Լապշինի խոսքով՝ ոչ պաշտոնական մակարդակում իրեն նաև ակնարկել են, որ խնդրի պատճառներից կարող է լինել այն, որ նա նախկինում մի քանի անգամ ձերբակալվել է Հայաստանում՝ Բելառուսի պահանջով։

«Իրականում ես որևէ հստակ բացատրություն չստացա։ Ամեն ինչ բանավոր էր»,-ասել է նա։

Լապշինը նշել է, որ փորձել է պաշտոնական պարզաբանում ստանալ Հայաստանի սահմանապահ ծառայությունից, սակայն դեռևս պատասխան չի ստացել։