Իրանական պատերազմի հետևանքով, այդ թվում՝ վառելիքի և պարարտանյութերի մատակարարման խափանումների պատճառով, ավելի քան 30 միլիոն մարդ կարող է հայտնվել աղքատության մեջ, Reuters-ին ասել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Ալեքսանդր Դե Կրոոն։
Նրա խոսքով՝ պարարտանյութերի պակասը, որը սրվել է Հորմուզի նեղուցում բեռնատար նավերի արգելափակման պատճառով, արդեն իսկ նվազեցրել է գյուղատնտեսական արտադրողականությունը և, ամենայն հավանականությամբ, տարվա վերջում կազդի բերքատվության վրա։
«Սննդի անապահովությունը գագաթնակետին կհասնի մի քանի ամսից, և դրա դեմ քիչ բան կարելի է անել»,- նշել է նա՝ մատնանշելով նաև էներգիայի պակասը և դրամական փոխանցումների կրճատումը։
«Նույնիսկ եթե պատերազմն ավարտվի վաղը, հետևանքներն արդեն ակնհայտ են, և դրանք ավելի քան 30 միլիոն մարդու կրկին աղքատության մեջ կդնեն»,- հավելել է Դե Կրոոն։
Reuters-ի փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը ևս զգուշացրել են, որ պատերազմը կհանգեցնի սննդամթերքի գների աճի և կվատթարացնի աշխարհի ամենախոցելի խմբերի վիճակը։



















