Բռնություններ, անարդարություն, ծեծ ու ջարդ. ըստ իրավապաշտպանների՝ 2017 թվականը մարդու իրավունքների խախտման տեսանկյունից մտահոգիչ տարի էր

Բռնություններ, անարդարություն, ծեծ ու ջարդ. ըստ իրավապաշտպանների՝ 2017 թվականը մարդու իրավունքների խախտման տեսանկյունից մտահոգիչ տարի էր
Բռնություններ, անարդարություն, ծեծ ու ջարդ. ըստ իրավապաշտպանների՝ 2017 թվականը մարդու իրավունքների խախտման տեսանկյունից մտահոգիչ տարի էր

2017 թվականին Հայաստանում մարդու իրավունքների խախտման տեսանկյունից մտահոգիչ իրավիճակ է արձանագրվել, երկրում շարունակում է համակարգային բնույթ կրել անպատժելիությունը:

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա խոսքով՝ երկրում չեն գործում մարդու իրավունքների պաշտպանության, խախտված իրավունքների վերականգնման իրավական մեխանիզմները, և գործ ունենք ընտրողաբար կիրառվող արդարադատության հետ, երբ յուրայինների նկատմամբ իշխանության կողմից օրենսդրությունը չի կիրառվում: Դրան զուգահեռ, օրենքը խիստ ու դաժան դրսևորումներով կիրառվում է ընդդիմադիրների նկատմամբ:

Նա ընդգծեց  այս տարի մեծ աղմուկ բարձրացրած «Սասնա ծռեր» խմբի անդամներին դատարանի նկուղում ծեծի ենթարկելը:

«Այս տարվա թիվ մեկ խայտառակ փաստն այն է, որ դատարանում մեղադրյալների նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառվեց: Դրանով դատական իշխանությունը դատարանի շենքում ստորացվեց: Եվ դա արվեց ոստիկանների կողմից, այսինքն՝ սա ոտնձգություն էր նաև արդարադատության նկատմամբ: Եվ կարող ենք ձևակերպել, որ սրանով արդարադատությանը ցույց տվեցին իր տեղը»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այս տարի ևս առանց իրավական գնահատականի մնաց 2008 թվականի Մարտի 1-ի ահաբեկչության փաստը, և առնվազն 10 քաղաքացիների սպանության գործով քննությունն ավարտին չհասցվեց: Իսկ մեղավորները, ըստ իրավապաշտպանի, ոչ միայն անպատիժ են մնացել, այլև շարունակում են դերակատարություն ունենալ քաղաքական դաշտում:

«Իսկ մյուս դրսևորմանը մենք ականատես եղանք այս տարվա ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին, երբ կազմակերպված բնույթ ունեին ընտրական գործընթացների խախտումները, ինչը դրսևորվեց ընտրողների նկատմամբ համատարած ճնշումներով, ինչի վառ ապացույցը հանդիսացան «ՍԱՍ գրուպի» և ուսումնական հաստատությունների ղեկավարների մասով հայտնի ձայնագրությունները:

Այդ երկու փաստերով էլ քննություն չիրականացվեց, իրավապահ մարմինները գտան, որ հանցակազմ չկա: Այնինչ, այդ խախտումներն էական ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց իրավապաշտպանը:

Արթուր Սաքունցը մտահոգիչ է համարում նաև զինված ուժերում մարդու իրավունքների իրավիճակը: Նա նկատում է, որ այս տարի ևս բանակում խաղաղ պայմաններում մահացության դեպքերի թիվը շարունակում է մտահոգիչ մնալ: Եվ այդ գործերով բավարար քննություն չի իրականացվում:

«Մենք 2017 թվականին ունեցանք լուրջ մարտահրավերներ, նոր վտանգավոր գործոններ մարդու իրավունքների նկատմամբ, ինչպիսին Ազգ-բանակ հայեցակարգն է: Ըստ էության, Ազգ-բանակը եկավ օրենսդրության մակարդակում ամրագրելու ՀՀ-ում ռազմականացման գործընթացը, ինչն անհամարժեք է այն խնդիրներին, որոնք այսօր գոյություն ունեն զինված ուժերում: Ես գտնում եմ, որ լուրջ մարտահրավեր էր նաև, այսպես կոչված, կայուն քաղաքական մեծամասնության ձևավորմամբ մի կուսակցական ինստիտուտի ամրագրումը թե՛ օրենսդրության մեջ, թե՛ փաստացի»,- հավելեց նա:

Այսինքն, ըստ Սաքունցի, մարդու իրավունքների խախտման մտահոգիչ վիճակագրությանն այս տարի միացել են նաև ինստիտուցիոնալ գործիքները, որոնք իրենց էությամբ ոչ թե դեմ են մարդու իրավունքներին, այլ ինքնին տանում են մարդու իրավունքների սկզբունքների վերացմանը, այլափոխմանը: Այսինքն՝ այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր երկրում ոչ թե դիտարկվում է որպես արժանապատիվ մարդ՝ իր իրավունքներով, այլ որպես հպատակ՝ թե՛ որպես ընտրող, թե՛ որպես զինծառայող:

«Սա է ամբողջ պատկերը, որը ոչ մի տեղ չտանող, անհեռանկար մոտեցում է, ավելին` դա ավելի կվատթարացնի վիճակը: Եվ մենք անցում կկատարենք պարբերական ճգնաժամերի փուլ, ինչը կունենա անկանխատեսելի դրսևորումներ: Եվ բոլոր փորձերը՝ այդ անկանխատեսելիությունը դարձնել կառավարելի, է՛լ ավելի կխորացնի ավտորիտարիզմը: Մենք ընկղմվելու ենք շատ լուրջ հակամարտությունների դաշտ, ինչի ողջ պատասխանատվությունը կրելու է մեկ կուսակցական համակարգ ձևավորած ՀՀԿ-ն իր ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»,- ընդգծեց Սաքունցը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ևս նկատում է, որ Հայաստանի քաղաքացին իր երկրում հպատակ է դարձել: Ըստ նրա՝ այս տարի Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներ չարձանագրվեցին, ինչպես 2015-2016 թվականներին, երբ լրագրողների ու բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ աննախադեպ բռնություններ կիրառվեցին:

«Այս տարի, կարող էր թվալ, թե իրավիճակն ավելի բարվոք էր, իսկ պատճառն այն էր, որ զանգվածային բողոքի ակցիաներ տեղի չունեցան: Բայց ես համարում եմ, որ այս տարի մարդու իրավունքների տեսանկյունից մենք նահանջ ապրեցինք: Ամենաաղմկահարույց դեպքն այն էր, որ դատարանի դահլիճում ամբաստանյալների ծեծուջարդ տեղի ունեցավ: Սա աննախադեպ երևույթ էր, սա կարելի է համարել մեծ նահանջ մարդու իրավունքների տեսանկյունից»,- «Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը:

Ըստ իրավապաշտպանի՝ այս տարի նաև ականատես եղանք դատավարությունների, որոնք հիշեցնում են Կաֆկայի «Դատավարությունն» ու 1937 թիվը, երբ մեղադրանք էր «սարքվում» մարդկանց վրա: Դրանք Ժիրայր Սեֆիլյանի, Սամվել Բաբայանի, Գևորգ Սաֆարյանի, Անդրիաս Ղուկասյանի և Արմեն Միքայելյանի գործերով դատավարություններն են:

Մյուս խնդիրը, ըստ Իշխանյանի, առնչվում է ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: Այդ ընտրությունները վարչական և ֆինանսական ռեսուրսների օգտագործման տեսանկյունից, ըստ նրա, աննախադեպ էին Հայաստանի ողջ ընտրական պատմության մեջ:

«Ոչ թե ընտրողների իրավունքը խախտվեց, այլ ընտրողը դարձվեց հպատակ, ընտրողներին դարձրեցին քվեարկող»,- ասաց նա:

Այս տարի, Ավետիք Իշխանյանի խոսքով, մարդու իրավունքների տեսանկյունից աննախադեպ էին նաև դատարաններ մուտք գործելիս փաստաբանների խուզարկությունները:

Նա Հայաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերի ավելացումը կապում է իշխանությունը պահելու խնդրի հետ: Նրա խոսքով՝ ավելի են կատարելագործվել իշխանությունը պահելու մեթոդները:

Ինչ վերաբերում է հարցին, թե Եվրամիության հետ համագործակցությունն ինչպես կարող է այս ոլորտում փոխել իրավիճակը, Ավետիք Իշխանյանը պատասխանեց, որ հույս կա, որ գոնե իրավիճակը հետագայում չի վատանա:

«Ի վերջո, իրավիճակի բարելավումը կախված է ոչ թե Եվրամիությունից, այլ մեր հասարակությունից: Եվրամիությունը կարող է միայն գործիք լինել և աջակցել, իսկ հույս դնել, որ դրսից ձյաձյաներ կգան և մեր վիճակը կփոխեն, ես դրան չեմ հավատում»,- հավելեց իրավապաշտպանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am