«Լավ է մեռնես, քան էդ անունով հետներս ապրես». սեռական փոքրամասնությունները վտարվում են ընտանիքից

«Լավ է մեռնես, քան էդ անունով հետներս ապրես». սեռական փոքրամասնությունները վտարվում են ընտանիքից
«Լավ է մեռնես, քան էդ անունով հետներս ապրես». սեռական փոքրամասնությունները վտարվում են ընտանիքից

Անուշը 20 կմ քայլելով հասել է Երևան` ընկերոջ մոտ գիշերելու, որովհետև տանից նրան վտարել էին, քանի որ խոստովանել էր, որ աղջիկների է սիրում:

Մայրը ինը ամիս իր արգանդում սպասում է զավակի ծննդին, ապա նրան բաժանում են իր պորտից, ապա հոգատարությամբ մեծանցում է նրան և ապա իր ավանդապահ նախապաշրաման ու զավակի սիրո միջև ընտրում ավանդույթը:

«PlanetRomeo» գեյ ուղղվածությամբ կայքի և Մայնցի համալսարանի իրականացրած հետազոտությունը պարզել է, որ աշխարհում 2014թ. 13 միլիոն գեյ է վտարվել տանից` մոտ 4,5 անգամ Հայաստանի բնակչությունից ավելի մարդ, այն էլ միայն  տղամարդ նույնասեռականների դեպքում:

Անուշը, Կարենն ու Էդգարը (բոլորի անունները փոխված են նրանց ցանկությամբ), տանից վտարվել են, երբ ընտանիքներում բացահայտվել է իրենց սեռական կողմնորոշումը:

Ի տարբերություն Անուշի և Էդգարի, որոնք կարողացել են ապաստան գտնել իրենց ընկերների տանը, Կարենն օրերով դրսում է գիշերել, քանի որ նրանից բոլորն էին երես թեքել:

Կարենի նույնասեռական լինելը բացահայտվել է զինկոմիսարիատում: Զորահավաքի ժամանակ բժշկին խոստովանել էր, որ գեյ է: «Չհուսահատվես», – ասել էր բժիշկը, գրկել նրան ու խոստացել, որ ոչ ոքի չի ասի: Մի քանի օր անց Կարենի հորը կանչել էին զինկոմիսարիատ ու հայտնել, որ նրա որդին նույնասեռական է.

«Պապան մտածում էր, թե սուտ եմ խոսում», – պատմում է Կարենը, – «Հարցրեց` ինչու ես էդպես բան ասել, ես լուռ մնացի: Ինքը հասկացավ, որ իրոք էդպես է, ուղղակի չուզեցավ հավատա ճշմարտությանը: Ասեց` ես գիտեմ, դու խաբել ես, որ բանակ չգնաս»:

Կարենին փակում են տանը, ծանոթ-բարեկամները խուսափում են նրանց տուն գնալ, ծնողներն անդադար հետևում են նրան: Մայրը նկատում է, որ սոցիալական ցանցում շփվում է ինչ-որ մեկի հետ, կռիվ է անում.

«Մայրս ասեց` էդ ո՞ւմ հետ ես գրվում, ասեցի` ոչ մեկի: Էդ գիշեր լավ վիճեցինք: Ինձ ասեցին` ավելի լավ է մեռնես, քան երկրի վրա տեղ ունենաս էդ անունով: Ես էլ որոշեցի, որ ճիշտ կլինի տնից դուրս գամ», – հուզմունքը զսպելով` հիշում է Կարենը ընտանիքից կտրվելու օրը, – «Զանգում էին, հետս վիճում: Ես էլ պարզ ասեցի, որ ես գեյ եմ ու եթե ինձ չեք ընդունում, ես էլ գնում եմ: Ասեցին` դե ուրեմն էլ էս տուն չգաս, էս տունը քոնը չի, մենք տղա չունենք»:

Միշտ չէ, որ ծնողների պատճառով են տանից հեռանում: Էդգարը երկսեռական է (բիսեքսուալ), իր եղբայրները դրա մասին իմացել են նրա ընկերոջից, «գե՞յ ես, դե էլ տուն չգաս», – լուրը ստանալուն պես արձագանքում է Էդգարի եղբայրը:

«Երկու եղբայրներս հարձակվեցին վրաս, էնպես ծեծեցին, որ ամբողջ մարմինս կապտուկներով էր պատվել», – պատմում է Էդգարը, – «Ասում էին, որ ես բանի պետք չեմ, անհաջողակ եմ, գյոթ եմ, պիտի իրանց քույրը լինեի, ոչ թե ախպերը, սպառնում էին, որ կսպանեն ինձ»:

Էդգարը հեռանում է տանից, իսկ ծնողները փորձում են հարթել իրավիճակը: Հետ են կանչում, սակայն Էդգարին են մեղադրում եղբայրներից ծեծ ուտելու համար . «Բնական է այդպես պետք է արձագանքեին, դու ես թույլ տվել», – հիշում է  Էդգարը ծնողների խոսքը:

Անուշի ընտանիքում միայն քույրն է նորմալ վերաբերվում նրա կողմնորոշմանը: «Ես լիքը գեյ ընկերներ ունեմ: Քեզ սիրում եմ նենց ոնց որ դու կաս», – զարմացրել էր քույրն Անուշին:

«Հա, մամ ջան, աղջիկդ լեսբի ա», – ասել էր երկսեռական Անուշը, երբ մոր հետ վիճաբանության ժամանակ պաշտպանում էր մի աղջկա, որին սիրահարված էր ու որին նրա մայրը վիրավորել էր այն բանի համար, որ ուզում էր Անուշին աշխատանքի տեղավորեր փաբում:

«Մերոնք մտածում էին, թե էդ փաբը բորդել ա, չէին ուզում աշխատեի», – պատմում է Անուշը, – «Սենյակիս դուռը փակել էին վրաս, որ գործի չգնամ: Պատուհանից թռա, ուզում էի մտնեի տուն, որ իրերս վերցնեմ: Մաման հրեց ասեց` գնա ստեղից»:

Գիշերով Անուշը ոտքով ճամփա է ընկնում Երևան` մեքենաները կանգնում ռեպլիկներ էին թողնում, մինչև հասնում է ընկերների տուն:

Անուշն ու Էդգարը վերադարձել են իրենց ծնողների տուն ու հակառակ սեռի մարդկանց հետ են ընկերություն անում`կողմնորոշման մասին խոսակցություններին վերջ դնելով:

Կարենի հետ ընտանիքի շփումը վերականգնվեց, երբ նա աշխատանք գտավ ու գումարով օգնեց ծնողներին, սակայն տուն չի կարողանում վերադառնալ, քանի որ առկա է նաև շրջապատի հակակրանքը:

« Նոր տարուն գնացել էի: Հյուրերն էկան ինձ տեսան, շոկի մեջ էին, որ տանն եմ: Ինձ չէին շնորհավորում, չէին բարևում»:

Կարենը պատմում է, որ հարևան բարեկամները  տանից դուրս գալուն պես բոլորին տարածում են, թե հանկարծ էնտեղ չգնաք` Կարենն է եկել տուն:

Հովհաննես Իշխանյան

www.pinkarmenia.org