Կշարունակենք և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը հանդես է եկել ելույթով։

«Սա ևս շատ կարևոր և բացառիկ իրավիճակ է։ Պետք է արձանագրեմ, որ այդ 12 կմ-ը ՀՀ–Ադրբեջան սահմանի, թերևս, միակ հատվածն է, որտեղ երկու երկրների զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, զրահաբաճկոնների և ինքնաձիգների՝ պահունակները պահելով ոչ թե ինքնաձիգների վրա, այլ պայուսակներում։

Սա, իհարկե, հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերի ու կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ։ Այդ հանգամանքը մեզ ստիպում է նկատել ակնհայտը․ սահմանապահ զորքերը սովորաբար խաղաղության խորհրդանիշ են։ Այնտեղ, որտեղ սահմանին կանգնած են սահմանապահներ, մեծ հավանականությամբ տիրում է խաղաղություն։

Մեր ցանկությունն ու նպատակն է, որ ՀՀ բոլոր սահմանները՝ բոլոր հատվածներով, լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո։ Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ։

Առաջիկայում կշարունակենք և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնենք ՀՀ-Ադրբեջան սահմանի սահմանազատումը։ Մեր օրակարգում է նաև Վրաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի ամփոփումը։ Վրացի գործընկերների հետ այս հարցում արդեն պայմանավորվածություններ ունենք։

Այսպիսով, ՀՀ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը կամբողջանա, և մեր պետությունը կկարողանա իր միջազգայնորեն ճանաչված տարածքում ավելի վստահ կենտրոնանալ զարգացման օրակարգի վրա»,- նշել է Փաշինյանը։