Իրանը հինգ պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլի մեկնարկի համար

Իրանը հայտարարել է, որ չի սկսի բանակցությունների երկրորդ փուլը Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնը չկատարի Թեհրանի առաջադրած հինգ պահանջները։ Այդ մասին հաղորդում է Fars գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալության փոխանցմամբ՝ Իրանը բանակցություններին վերադառնալու համար պահանջում է՝ դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, հատկապես՝ Լիբանանում, վերացնել հակաիրանական պատժամիջոցները, ապասառեցնել իրանական միջոցները, փոխհատուցել ռազմական գործողությունների պատճառած վնասը և ճանաչել Իրանի ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։

Fars-ի փոխանցմամբ՝ Թեհրանը կարծում է, որ առանց այս պայմանների գործնական իրականացման անհնար կլինի նոր բանակցությունների մեկնարկը, քանի որ դրանք դիտարկվում են որպես վստահության նվազագույն երաշխիքներ։

Նշվում է, որ Իրանը այս պահանջները ներկայացրել է՝ ի պատասխան ԱՄՆ-ի խաղաղության 14-կետանոց առաջարկի։ Աղբյուրների պնդմամբ՝ Վաշինգտոնի առաջարկները եղել են միակողմանի և ուղղված են եղել ամերիկյան շահերի ապահովմանը։

«Ամերիկացիները փորձում էին բանակցությունների միջոցով հասնել այն նպատակներին, որոնց չէին կարողացել հասնել պատերազմում»,- գրում է Fars-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։