Իրանցի հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահին կրկին դատարան է կանչվել Իրանում․ նրա դեմ գործը վերաբերում է «ռեժիմի դեմ քարոզչական գործունեության» մեղադրանքին։
Ինչպես հաղորդում է Euronews-ը, նախորդ տարվա վերջին Իրանի հեղափոխական դատարանը Փանահիին հեռակա կարգով դատապարտել էր մեկ տարվա ազատազրկման և երկու տարվա ճանապարհորդական արգելքի։ Նոր դատական քննությունը նշանակվել է ռեժիսորի փաստաբանների բողոքարկումից հետո։
Փանահին, որի It Was Just An Accident ֆիլմը նախորդ տարի արժանացել էր Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենուն» և առաջադրվել էր «Օսկարի»՝ լավագույն միջազգային ֆիլմ անվանակարգում, մարտի վերջին վերադարձել էր Իրան՝ «Օսկարի» 98-րդ մրցանակաբաշխությունից հետո։
Ռեժիսորը նախկինում ևս բախվել է Իրանի իշխանությունների հետ․ նա երկու անգամ բանտարկվել է, արգելվել է ֆիլմեր նկարահանել, սակայն շարունակել է ստեղծագործել՝ հակառակ սահմանափակումներին։ 2022-2023 թվականներին Փանահին 86 օր անցկացրել է Էվին բանտում և ազատ արձակվել հացադուլից հետո։
Փանահին հայտնի է This Is Not a Film, No Bears, Taxi Tehran ֆիլմերով։ Taxi Tehran-ը 2015 թվականին արժանացել էր Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջին»։



















