Քաղաքացիական հասարակությունը չպետք է ենթարկվի քաղաքական ազդեցության․ ՄԻՊ

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իրավապաշտպանների գործունեությանը միջամտելու, նրանց անկախ գործունեությունն ու դիրքորոշումները սահմանափակելու, նրանց նկատմամբ անհանդուրժողականություն տարածելու ցանկացած փորձ անընդունելի է և վտանգում է ժողովրդավարական հասարակության բնականոն զարգացումը, հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:

Պաշտպանի մշտադիտարկումները և քաղաքացիական հասարակության գործընկերներից ստացվող ահազանգերը վկայում են, որ ընդհանուր քաղաքական բևեռացումը հանգեցրել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տեսակետների նկատմամբ անհանդուրժող մոտեցումների, նրանց անկախ դիրքորոշումների վրա ազդելու, անկախ գործունեությանը միջամտելու տարբեր փորձերի, ասված է հայտարարությունում:

Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում նման երևույթները և ընդգծում, որ անկախ, ազատ և սկզբունքային քաղաքացիական հասարակության առկայությունը իրավական պետության և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության անհրաժեշտ նախապայման է։

«Քաղաքացիական հասարակությունը չի կարող ենթակա լինել որևէ քաղաքական ազդեցության և վերջինիս գործունեության անկախությունն ու արդյունավետությունը չեն կարող գնահատվել քաղաքական ուժերի և այլ հանրային դերակատարների կամքը կատարելու կամ նրանց ցանկությունները բավարարելու համատեքստում», – ասված է հայտարարությունում: