TRIPP-ը հնարավորություններ կստեղծի նաև Իրանի և Ռուսաստանի համար. Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի տարածքում իրականացվելիք TRIPP նախագիծը նոր հնարավորություններ կստեղծի նաև Իրանի համար։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Թեհրանի մտահոգությունները նախագծի հնարավոր անվտանգային բաղադրիչի վերաբերյալ արդեն փարատվել են։

«Իրանում կային հարցեր TRIPP-ի ենթադրյալ անվտանգային բաղադրիչի շուրջ, մասնավորապես՝ երրորդ կողմի զինված ուժերի հնարավոր տեղակայման վերաբերյալ։ Մեր իրանցի գործընկերները համոզվել են, որ ստորագրված փաստաթղթով նման բան նախատեսված չէ։ Բոլոր ենթակառուցվածքները լինելու են Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո, ինչը բացառում է երրորդ կողմի ներկայությունը»,- ասել է Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ նախագիծը տնտեսական և լոգիստիկ նոր հնարավորություններ է բացելու նաև Իրանի համար։

«Նախիջևանի միջոցով Հայաստանը երկաթուղային կապ է ստանալու Իրանի երկաթուղային ցանցի հետ։ Մեր միջոցով Իրանը ևս հնարավորություն կունենա դուրս գալու, օրինակ, դեպի Սև ծով։ Փաստորեն, TRIPP-ի միջոցով ձևավորվում է Պարսից ծոց–Սև ծով նոր երկաթուղային կապ»,- ընդգծել է նա։

Միրզոյանը հավելել է, որ նախագիծը հետաքրքրություն է առաջացրել նաև Ռուսաստանում։

«Ռուսաստանից բազմաթիվ պաշտոնյաներ հետաքրքրություն են ցուցաբերում TRIPP-ի նկատմամբ և ցանկանում են մասնակցություն ունենալ»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։