Հայաստանն ու Թուրքիան կարող են ունենալ նորմալ հարաբերություններ

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը կարող են ունենալ նորմալ հարաբերություններ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, Սաֆրաստյանը այս մասին ասաց մարտի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ուզում եմ ընդգծել «նորմալ» բառը` խուսափելով «բարիդրացիական հարաբերություններ» արտահայտությունից, որովհետև բարիդրացիական հարաբերություններ ունենալու համար մենք պետք է շատ և շատ երկար ճանապարհ անցնենք` նկատի ունեմ առաջին հերթին Թուրքիայի կողմից մեր նկատմամբ վարվող քաղաքականությունը: Ինչ վերաբերում է նորմալ հարաբերություններին, ապա Հայաստանի Հանրապետությունը կողմ է Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ ունենալուն, դիվանագիտական հարաբերությոուններ և նորմալ, գործող բաց սահման ունենալուն»,- ասաց Սաֆրաստյանը:

Թուրքագետը նշեց, որ Թուրքիան 1991 թվականի դեկտեմբերից սկսած դնում է Հայաստանի առջև նախապայմաններ. Թուրքիան 1991 թվականի դեկտեմբերին հայտարարել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի, քանի որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: