ԿԳՄՍ պարզաբանումը Դալմայի այգու տարածքում քանդված գինու հնձանի մասին

ԿԳՄՍ պարզաբանումը Դալմայի այգու տարածքում քանդված գինու հնձանի մասին
ԿԳՄՍ պարզաբանումը Դալմայի այգու տարածքում քանդված գինու հնձանի մասին

Դալմայի այգու տարածքում 16-17 դարերի քանդված գինու հնձանի վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետները ս.թ. նոյեմբերի 16-ի առավոտյան այցելել են Դայմայի այգիների ավերված շինության տարածք, տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ ոլորտի մասնագետների և կառուցապատող կազմակերպության ներկայացուցիչների միջև, ուսումնասիրել են պատմամշակութային հնարավոր արժեք ներկայացնող այլ շինություններ:

Ավերված հնձանը ժամանակին չի ընդգրկվել «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ սահմանված ցանկում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը դեռևս 2016թ. ՀՀ մշակույթի նախարարություն է ներկայացրել այդ տարածքում գտնվող ուշ միջնադարյան պատմաճարտարապետական կառույց հանդիսացող մեկ այլ հուշարձանի վերաբերյալ տեղեկատվություն՝ նշելով կառույցի կարևորությունը Երևան քաղաքի պատմության ամբողջացման համատեքստում, սակայն այն կրկին չի ստացել նորահայտ հուշարձանի կարգավիճակ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է հրատապ կարգով ստեղծել արշավախումբ՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու, պատմամշակության արժեք ներկայացնող առկա շինություններն արձանագրելու և իր գործառույթների շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար: Կառուցապատողը պատրաստակամություն է հայտնել համագործակցել սույն հարցով պատկան մարմինների հետ, տրամադրվել են անհրաժեշտ փաստաթղթերը:

Արշավախմբի կողմից իրականացված աշխատանքների արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացվի հավելյալ տեղեկատվություն: