Պուտինի ծաղրանկարներով հայտնի Սեմյոն Սկրեպեցկին սպանվել է Լեհաստանում

Ռուս ծաղրանկարիչ Ռոբերտ Կուզովկովը, որն առավել հայտնի էր Սեմյոն Սկրեպեցկի ստեղծագործական կեղծանունով և Վլադիմիր Պուտինի հասցեին սուր ծաղրանկարներով, գնդակահարվել է Լեհաստանի արևելքում։ Դեպքի առնչությամբ բերման է ենթարկվել երկու Բելառուսի քաղաքացի, սակայն նրանց դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Լեհաստանի դատախազության տվյալներով՝ 44-ամյա արվեստագետի վրա կրակել են հինգ անգամ, այդ թվում՝ գլխին։ Նա մահացել է տեղում։ Քննությանը միացել են նաև Լեհաստանի ներքին անվտանգության ծառայությունները, իսկ քննիչները չեն բացառում, որ սպանությունը կարող էր կապված լինել նրա քաղաքական գործունեության հետ։

Սկրեպեցկին 2021 թվականին լքել էր Ռուսաստանը և տեղափոխվել Լեհաստան՝ հայտարարելով, որ հայրենիքում քաղաքական հետապնդման վտանգի տակ է։ Նա հայտնի էր Պուտինի, Ռամզան Կադիրովի, Ալեքսանդր Լուկաշենկոյի, Իոսիֆ Ստալինի և այլ քաղաքական գործիչների ու հանրային դեմքերի սուր, երբեմն սադրիչ ծաղրանկարներով։ Նրա ամենահայտնի աշխատանքներից մեկում Ստալինը ներկայացված է որպես Մարիամ Աստվածածին՝ գրկած Պուտինին՝ Հիսուսի փոխարեն։

Սպանությունից երեք օր առաջ Սկրեպեցկին Բեռլինում, Ռուսաստանի դեսպանատան դիմաց, անցկացրել էր բողոքի ակցիա՝ ցուցադրելով Պուտինին և Ստալինին պատկերող իր նոր աշխատանքները։ Լեհաստանի իշխանությունները նշում են, որ նրա ինքնությունը և քաղաքական ակտիվությունը քննության առանցքային ուղղություններից են, իսկ սպանության հնարավոր քաղաքական դրդապատճառը չի բացառվում։