Ռուսաստանի զինված ուժերը պատրաստվում են նոր զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ռազմական գերատեսչությունը հնարավոր հարվածները ներկայացրել է որպես «պատասխան քայլ»՝ Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների և վառելիքաէներգետիկ ոլորտի նկատմամբ Կիևի «շարունակական հարձակումներին»։
Reuters-ի երկու աղբյուրների տվյալներով՝ 2026 թվականի օգոստոսի վերջին ռուսական նավթավերամշակման գործարաններին Ուկրաինայի զինված ուժերի հասցրած հարվածների հետևանքով Ռուսաստանում բենզինի արտադրության ծավալը նվազել է՝ հասնելով ներքին սպառման մակարդակի մոտ 70%-ին։
Օգոստոսի 26-ին Bloomberg-ը, հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է ուժեղացնել հարձակումներն Ուկրաինայի դեմ, քանի որ կարծում է, որ խաղաղ բանակցությունները փակուղի են մտել։
Մոսկվան ներկայումս քննարկում է Կիևի, այդ թվում՝ Ուկրաինայի կենտրոնական շրջանների դեմ ավելի ագրեսիվ հարվածների հնարավորությունը՝ ոչ միջուկային մարտագլխիկներով բալիստիկ հրթիռների կիրառմամբ։ Պարբերականի անանուն աղբյուրների խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերի հնարավոր թիրախների թվում են Ուկրաինայի քաղաքներում գտնվող ենթակառուցվածքային օբյեկտները։
Նրանց գնահատմամբ՝ Ռուսաստանի տնտեսության նկատմամբ պատժամիջոցների ճնշումը, ինչպես նաև ուկրաինական հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների և լոգիստիկ կենտրոնների վրա, չեն ստիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ավարտել պատերազմը։



















