Լեհաստանում ձերբակալվել է ռուս ծաղրանկարիչ Սեմյոն Սկրեպեցկու սպանության կասկածյալը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ իրավապահները ձերբակալել են ռուս ծաղրանկարիչ և ակտիվիստ Սեմյոն Սկրեպեցկու սպանության գործով կասկածյալին։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Տուսկի խոսքով՝ կասկածյալը ձերբակալվել է Վարշավայի մերձակայքում։ Նա օգտագործել է Վրաստանի 36-ամյա քաղաքացու անունով տրված անձնագիր։ Լեհաստանի իրավապահները շարունակում են պարզել սպանության պատվիրատուի ինքնությունը։

44-ամյա Սկրեպեցկին, որի իրական անունը Ռոբերտ Կուզովկով էր, 2021 թվականից բնակվում էր Լեհաստանում։ Նա սպանվել է հունիսի 15-ին՝ Բյալա Պոդլյասկայի ավտոկայանատեղում, հինգ կրակոցից։

Սպանությունից կարճ ժամանակ առաջ Սկրեպեցկին հայտնել էր, որ սպառնալիքներ է ստանում։ Սպանությունից հետո ոստիկանությունը սկզբում ձերբակալել էր Բելառուսի երկու քաղաքացու, սակայն նրանց առնչությունը հանցագործությանը չէր հաստատվել, և նրանք ազատ էին արձակվել՝ որպես վկաներ։

Սկրեպեցկին հայտնի էր իր երգիծական, քաղաքական և հակապատերազմական ծաղրանկարներով։ Նա հաճախ ծաղրում և քննադատում էր Ռուսաստանի իշխանություններին, հատկապես Վլադիմիր Պուտինին և Իոսիֆ Ստալինին։

Վերջին շրջանում նա հրապարակել էր նաև Ռամզան Կադիրովին և Ապտի Ալաուդինովին վերաբերող սուր ծաղրանկարներ, ինչից հետո, ըստ լրատվամիջոցների, սպառնալիքներ էր ստացել։

Սպանությունից երեք օր առաջ՝ հունիսի 12-ին, Սկրեպեցկին ակցիա էր անցկացրել Բեռլինում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ աղբարկղը նետելով Ռուսաստանի դրոշը։