Ադրբեջանի դատարանը ազատազրկման է դատապարտել ութ Ռուսաստանի քաղաքացիների, որոնք ձերբակալվել էին մեկ տարի առաջ՝ երկու երկրների միջև հարաբերությունների սրման ֆոնին։
Սերգեյ Սոֆրոնովը, Անտոն Դրաչյովը, Դմիտրի Բեզուգլինը և Վալերի Դուլովը առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով դատապարտվել են 4-ական տարվա ազատազրկման։ Դմիտրի Ֆյոդորովը, Բորիս Տիմոշովը, Ալեքսեյ Վասիլչենկոն և Իլյա Բեզուգլինը ստացել են 3-ական տարվա ազատազրկում։
Ավելի վաղ նույն գործերի շրջանակում Ալեքսանդր Վայսերը փողերի լվացման մեղադրանքով դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, իսկ Իգոր Զաբոլոցկիխն ու Իլնուրա Վալիտովան՝ կիբերհանցագործությունների միջոցով ստացված միջոցների օրինականացման մեղադրանքով, 3-ական տարվա ազատազրկման։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» ծրագրի տվյալներով՝ 2025 թվականի ամռանը Ադրբեջանում ձերբակալվել էր Ռուսաստանի քաղաքացիների մի խումբ, որի կազմում կային ՏՏ մասնագետներ, ձեռնարկատերեր և զբոսաշրջիկներ։
Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը սրվել էր 2024 թվականի դեկտեմբերին Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանումից հետո, որի հետևանքով զոհվել էր 38 մարդ։ Քննության տվյալներով՝ Գրոզնիում վայրէջքի պատրաստվող օդանավը խոցվել էր Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։
ՌԴ նախագահը հետագայում ներողություն էր խնդրել Ադրբեջանի նախագահից, խոստացել փոխհատուցում տրամադրել զոհերի ընտանիքներին և ապահովել միջադեպի պատասխանատուների գործողությունների իրավական գնահատականը։



















