Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ավելի քան 2000 հայ զինծառայողի աճյուն. Մամեդով

Անհետ կորածների հարցի լուծումը կարևոր գործոն է Հարավային Կովկասում խաղաղության և վստահության ամրապնդման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար, Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի անդամ Էլնուր Մամեդովը։

Ըստ Report.az-ի՝ Մամեդովը նշել է, որ Ադրբեջանը հարցին մշտապես մոտեցել է մարդասիրական տեսանկյունից՝ ընդգծելով, որ այն ավելի քան երեք տասնամյակ ընտանիքների համար շարունակում է մնալ երկարատև և ցավոտ խնդիր։

«Անհետ կորածների հարցի լուծումը պահանջում է բոլոր կողմերի համատեղ ջանքերն ու թափանցիկ համագործակցությունը։ Յուրաքանչյուր անհետ կորած մի ընտանիքի ողբերգություն է։ Ադրբեջանը այս խնդրին բախվում է ավելի քան 30 տարի։ Անհետ կորածների հարցը գլոբալ մարդասիրական օրակարգի առաջնահերթություններից է»,- ասել է նա։

Մամեդովը նաև հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել նախկին հակամարտության գոտիներից հայտնաբերված ավելի քան 2000 հայ զինծառայողի աճյուն։ Նրա խոսքով՝ որոնողական աշխատանքներն իրականացվել են բարդ եղանակային պայմաններում և ականներով խիստ աղտոտված տարածքներում։