Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, USAID/Հայաստան առաքելության նորանշանակ տնօրեն Ջոն Ալլեոն, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական պատասխանատու Օլեգ Սոկոլան:

Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, կարևորելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը, շեշտել է առկա համագործակցության ծրագրերի արդյունավետության բարձրացումն ու նոր նախագծերի իրականացումը:

Վահրամ Դումանյանը կրթության և գիտության ոլորտներում ամերիկյան կողմի աջակցությամբ իրականացվող նախագծերից առանձնահատուկ կարևորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացում աջակցել ԿԳՄՍ նախարարությանը:

Կարևորելով ծրագրի մինչև 2023 թվականը երկարաձգումը՝ նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ ներառական կրթության բարեփոխումները ՀՀ կրթության քաղաքականության առանցքային ուղղություններից են: Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև ԱՄՆ Օդային և տիեզերական ազգային գործակալության (ՆԱՍԱ) հետ համագործակցությանը, մասնավորապես հունիս ամսին GLOBE ծրագրի հուշագրի ստորագրմանը:

Նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ GLOBE ծրագիրը, լինելով գիտական և կրթական բնապահպանական միջազգային ծրագիր, լավագույնս կներգրավի Հայաստանի սովորողներին և գիտնականներին միջազգային ցանցի մեջ՝ համաշխարհային շրջակա միջավայրն ուսումնասիրելու առումով, և կնպաստի համատեղ նոր նախաձեռնությունների իրականացմանը՝ դրանով իսկ նպաստելով տեխնոլոգիական կրթության զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում:

Դեսպան Լ. Թրեյսին, վերահաստատելով բազմակողմ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու պատրաստակամությունը, նույնպես շեշտել է Հայաստանի ներգրավումը ԱՄՆ Օդային և տիեզերական ազգային գործակալության (ՆԱՍԱ) «Համաշխարհային ուսուցում և դիտարկումներ հօգուտ շրջակա միջավայրի» (GLOBE) ծրագրում:

«Հաշվի առնելով աշխարհի առաջ ծառացած բազմակի կլիմայական մարտահրավերները՝ այսօր առավել քան երբևէ արդիական են շրջակա միջավայրը ճանաչելու ու այն պաշտպանելու նորարարական ու ինտերակտիվ մեթոդները, որ առաջարկվում են GLOBE ծրագրով»,- մասնավորապես նշել է դեսպանը:

Անդրադառնալով մշակութային ոլորտում համագործակցությանը` նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին հայկական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված աջակցության համար` նշելով, որ այդ ոլորտում գլխավոր մտահոգությունը շարունակում է մնալ 2020 թվականին ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանությունը: «Վստահ ենք, որ Ձեր կողմից ձեռնարկվող հնարավոր միջոցառումները լավագույնս կնպաստեն այս զգայուն և չափազանց կարևոր խնդրի կարգավորմանը»,- նշել է Վ. Դումանյանը:

ԱՄՆ դեսպանը փաստել է, որ խնդիրը մտահոգիչ է և գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև EducationUSA, FLEX կրթական ծրագրերը, անդրադարձ է եղել բարձրագույն կրթության բարեփոխումներին, Հայաստանում ամերիկյան համալսարանի գործունեությանը, ինչպես նաև ամերիկյան կողմի աջակցությամբ ընթացող պատմամշակութային հուշարձանների պահպանության ծրագրերին: