Տոլման և հարազատ հոգիները. երկու հայուհիների հանդիպումը Ֆրանսիայում. «Ալամեզոն»Բլոգ

Տոլման և հարազատ հոգիները. երկու հայուհիների հանդիպումը Ֆրանսիայում. «Ալամեզոն»Բլոգ
Տոլման և հարազատ հոգիները. երկու հայուհիների հանդիպումը Ֆրանսիայում. «Ալամեզոն»Բլոգ

Ինչ ամուսնացել եմ` սկեսուրս ասում է, որ մեր փողոցում էլի հայ կա, Ժակլին է անունը, մեծ կին է, ծնվել է Ֆրանսիայում:

– Մաման կարծեմ հայ է,֊- ասում էր սկեսուրս,- մի անգամ խոսքի մեջ ասել էր, որ էլզասցի չի: 

Չնայած մի քանի տարի է` էս կողմերում եմ ապրում, բայց սկեսուրիս ասած Ժակլինին հանդիպելու առիթ այդպես էլ չէր եղել: Ամաչում էի հատուկ գնալ նրանց տուն հենց միայն ասելու` բարև, ես եկա, ես էլ եմ հայ: Նույնիսկ դեմքով Ժակլինին չգիտեի, միայն տան տեղը գիտեի:

Մի օր հատուկ տրամադրությամբ արթնացել էի, որ Էջմիածնի տոլմա պատրաստեմ (մենք կաղամբով տոլման ասում ենք էջմիածնի տոլմա, շատ անուններ ունի, բայց էջմիածնեցին իրենը կօգտագործի):

Տոլմայից մի քիչ կողմ դրեցի, որ տանեմ սկեսուրիս: Ճանապարհին Ժակլինի տան մոտով էի անցնում, տեսա` պատուհանը բացել է, վստահ էի, որ ինքն է, ինքնաբերաբար ստացվեց, ձայն տվեցի.

– Դուք Ժակլի՞նն եք։ Ես հայ եմ:

Վազելով դուրս եկավ, փաթաթվեց, գրկեց, ընենց էի հուզվել, ոնց որ Էլզասում էլ հայ չկար: Ասեց.

– Մամաս՝ Վարդուհի, պապաս` Անդրանիկ Մարգարյան: Մանկատներում են մեծացել, մինչև Ֆրանսիայում ամուսնացել են: Ես էլ էստեղ եմ ծնվել:

Հայերեն չէր խոսում, շատ էր ափսոսում: Ասաց.

– Մեզ առաջ գնչուի տեղ էին դնում, ծնողներս ամաչում էին, մենք էլ ֆրանսացի ենք մեծացել:

Հարցրեց՝ հայկական ուտեստներ պատրաստո՞ւմ եմ։

Ասացի՝ անշուշտ:

– Տոլմա՞ էլ։ Ես չգիտեմ սարքել, քույրս է մեկ-մեկ պատրաստում,- ֊արագ-արագ ասաց Ժակլինը:

Ես ի պատասխան ձեռքիս տոպրակը ցույց տվեցի.

– Մեջը տոլմա է, մի քիչ որ սպասեք` կվերադառնամ։ 

Հետ եկա տուն, նրա համար էլ տոլմա բերեցի, հետն էլ` լավաշ:

Ափսեն գրկեց, ինձ գրկեց, էնքան հուզվեց, էնքան լացեց, ես էլ` հետը…

Երբ մայրս Հայաստանից եկավ, մի լիքը տուփ ընդեղեն տարա, հետն էլ` հայկական ձեռագործ տիկնիկ:

Ժակլինը 80-ն անց կին է, բայց տիկնիկը տեսավ, աչքերը փայլեցին, կարծես փոքրիկ աղջնակ: Խնդրեցի մեկ անգամ իրեն նկարել, այս անգամ էլ իսկական կնոջ պես սեթևեթեց, թե.

– Վարսավիրանոց չեմ գնացել, թերթի համար սենց չեմ նկարվի:

Չէր մոռացել, տղայիս նվեր էր ուղարկել Ամանորին, ես էլ նրան հյուր եմ սպասում, որ հայերով նկարվենք:

Ասում եմ` աշխարհի որ ծայրում էլ հայը հային տեսնի, հարազատություն է զգում, ու կապ չունի, որ անծանոթ են… Երանի միշտ սենց լինենք:

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog