ԵԱՏՀ նախարարի կարծիքով՝ ԵԱՏՄ անդամ երկրները Covid-19-ի ճգնաժամին դիմակայել են մինիմալ կորուստներով

ԵԱՏՀ Տնտեսության և ֆինանսական քաղաքականության կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը ակնկալում է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունները 2021-ին դինամիկ կերպով կվերականգնվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ժակսիլիկովը նման տեսակետ է հայտնել Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամրջի ընթացքում:

«Մենք տեսնում ենք, որ ՀՆԱ-ն, տնտեսական ակտիվությունը անկում են ապրել միության անդամ բոլոր երկրներում, ինչպես ամբողջ աշխարհում: Միայն Չինաստանն է կարողացել որոշակի աճ արձանագրել»,-ասաց նախարարը:

Ըստ Ժակսիլիկովի՝ կորոնավիրուսի ճգնաժամը հատկապես հարվածել է փոքր ու միջին բիզնեսին, ծառայությունների ոլորտին, զբոսաշրջությանը:

«Ինչ վերաբերվում է այս տարվան, ապա մենք ակնկալում ենք վերականգնման դինամիկ աճ, այն տեղի կունենա ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ:  Լավն այն է, որ մեզ մոտ ՀՆԱ-ի ծավալի անկումը ավելի  արտահայտված չի եղել, քան շատ զարգացած տնտեսություններում: Ընդհանուր առմամբ անդամ, բոլոր երկրների տնտեսությունները այդ դժվար շրջանին դիմակայել են՝ մինիմալ կորուստներով, և հույս ունենք, որ վերականգնողական աճն ավելի բուռն կլինի այս տարի»,-ասաց նա:

Ժակսիլիկովը նաև վստահեցրեց, որ հանձնաժողովն օպերատիվ կերպով ձեռնարկել է մի շարք միջոցառումներ դեռ համավարակի սկզբում: Դեռ մարտ-ապրիլին հանձնաժողովը  շատ ակտիվ աշխատել է այդ ուղղությամբ: Նա նշեց, որ հանձնաժողովը վերազգային մարմին է, որն իր իրավասությունների շրջանակում միջոցառումներ է իրականացրել՝ ներքին շուկաները խիստ անհրաժեշտ ապրանքներով ապահովելու համար: