«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը
– Պարո՛ն Բաղդասարյան, վստահաբար ծանոթ եք ադրբեջանական կողմի՝ հինգ կետից բաղկացած առաջարկությանը, որն արվել էր Հայաստանին, և երեկ խորհրդարանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ այդ առաջարկությունն ընդհանուր առմամբ ընդունելի է իր համար: Մի շարք փորձագետների համար էլ՝ ընդհակառակը, Ադրբեջանի առաջարկը որևէ կերպ ընդունելի չի կարող լինել: Այս համատեքստում ինչպե՞ս կմեկնաբանեք արտգործնախարարի հայտարարությունը:
– Իմ համոզմամբ՝ այդ կետերը, բնականաբար, Հայաստանի համար ընդունելի չեն, որովհետև այդ կետերից յուրաքանչյուրն իր մեջ ստորջրյա խութեր ունի, և դրանք, Ադրբեջանի պատկերացմամբ համենայնդեպս, վերջնականապես փակելու են Արցախի խնդիրը:
Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ իր նպատակը դա է, և եթե Հայաստանի իշխանություններն ասում են, որ այդտեղ անընդունելի բան չեն տեսնում, ես դա ընկալում եմ հետևյալ կերպ, որ իրենք որոշել են վերջնականապես ձեռքերը լվանալ Արցախից:
– Այսինքն՝ պատրաստ են ճանաչելո՞ւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչն էլ նշանակում է, որ Արցախը հայտնվելու է Ադրբեջանի կազմում:
– Այո՛, իրականում մեր արտգործնախարարն ասում է, որ այդ հինգ կետերն ընդունելի են, բայց պետք է դրանցում ներառվի նաև Արցախի կարգավիճակի հարցը, այսինքն՝ մերոնք ի սկզբանե մի կետ են ավելացնում, որի մասով Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ իր համար այդ հարցն ընդհանրապես գոյություն չունի ու չի կարող քննարկման առարկա դառնալ:
Ադրբեջանը զուգահեռաբար ավելացնելու է բոլոր տեսակի ճնշումներն Արցախի նկատմամբ, ինչի ականատեսն ենք մենք արդեն: Շուտով, վստահ եմ, նրանք փորձելու են նաև Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակել, ինչի վերաբերյալ արդեն հայտարարում են, այսինքն՝ Ադրբեջանն իրականացնում է ամբողջական, տրամաբանական քաղաքականություն:
Արդյոք Հայաստանի իշխանությունները հասկանո՞ւմ են դա, թե՞ ոչ՝ ես չգիտեմ, համենայնդեպս, մեր արտգործնախարարության արձագանքն ինձ ենթադրել է տալիս, որ լավ չեն պատկերացնում, թե ինչի մեջ են հայտնվել՝ խաղաղության դարաշրջան ասելով:
– Պարո՛ն Բաղդասարյան, ադրբեջանական կողմի նմանօրինակ պահվածքի պարագայում, երբ դուք էլ ասում եք, որ այդ ճնշումները գնալով ավելանալու են, որքանո՞վ է Հայաստանի իշխանության կողմից խաղաղության դարաշրջան բացելու վերաբերյալ շարունակական հայտարարություններ անելը նպատակահարմար կամ խելամիտ քայլ:
– Նախ՝ վստահ եմ, որ խաղաղության դարաշրջան բացելը հնարավոր չէ այս պայմաններում այն պարզ պատճառով, որ խաղաղությունն այսօր այս տարածաշրջանում, Հայաստանից բացի, որևէ մեկին պետք չէ, իսկ Հայաստանի իշխանություններն անընդհատ խոսում են այդ մասին մեկ պարզ պատճառով. ուզում են ցույց տալ, որ իրենց այդ խայտառակ պարտությունից հետո իբր կարող են ինչ-որ բան գոնե շահել:
Նրանք անընդհատ ուռճացնում, փչում են այդ խաղաղության դարաշրջանի փուչիկը միայն քարոզչական նպատակով, որովհետև, կարծում եմ, իրենք էլ շատ լավ գիտակցում են, որ դա երբևէ տեղի չի ունենալու, ավելին՝ Հայաստանն ավելի ծանր վիճակում է հայտնվելու ու ավելի լուրջ մարտահրավերների առջև է կանգնելու:
– Իսկ եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունը համաձայնի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ պարագայում հնարավոր կլինի՞ խաղաղության պայմանագրի կնքումն Ադրբեջանի հետ:
– Այդ դեպքում էլ Ադրբեջանը նորանոր պահանջներ առաջ կքաշի, օրինակ՝ Սյունիքով անցնող ճանապարհի էքստերիտորիալ կարգավիճակ, առաջ կբերի անկլավների հարցը, այսինքն՝ ավելի ու ավելի անընդունելի պահանջներ կառաջադրի, որովհետև նրանց նպատակը խաղաղության հաստատումը չէ, այլ այն, որ ցույց տան, թե խաղաղության հաստատմանը դեմ է Հայաստանը, որովհետև ինչո՞ւ պետք է հաղթած կողմը համաձայնի խաղաղության, եթե այն, ինչ պետք է ստանա խաղաղության դիմաց, ստանում է քայլառքայլ՝ առանց որևէ դիմադրության հանդիպելու:
Ինչո՞ւ պետք է Ադրբեջանն ու Թուրքիան համաձայնեն Հայաստանի ապաշրջափակմանը, եթե կարող են իրենց հասանելիքը վերցնել՝ պահպանելով այդ շրջափակումը:
– Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը ո՞րն է, ի՞նչ պետք է դրա համար անեն և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը:
– Իշխանություններից որևէ ակնկալիք չունեմ, չեմ էլ կարծում, թե նրանք ի վիճակի են որևէ լուրջ հարց քննարկելու, էլ չեմ ասում՝ որևէ լուծում գտնելու: Ընդդիմությունն էլ, ցավոք սրտի, ավելի շատ զբաղված է ոչ թե իրական լուծումներ փնտրելով, այլ՝ ավելի շատ պոպուլիստական քայլերով, որպեսզի հասարակությանն անընդհատ հիշեցնեն իրենց գոյության մասին ու ֆորսմաժորային իրավիճակներում կարողանան կապիտալացնել իրենց այդ վարկանիշը: Ստացվում է, որ ընդդիմությունը նույնպես զբաղված է պոպուլիզմով, ինչը սխալ է, որովհետև այդ հարցում Նիկոլ Փաշինյանի հետ մրցել նրանք պարզապես չեն կարող:
– Պարո՛ն Բաղդասարյան, ընդդիմադիր որոշ շրջանականեր ասում են, որ ավելի լավ է Հայաստանը դառնա միութենական պետության անդամ, քան Թուրքիայի վասալ: Ձեր գնահատմամբ՝ իրավիճակն իսկապե՞ս այդքան օրհասական է, որ Հայաստանն ընտրության այս երկու ճանապարհն ունի:
– Նախ՝ միութենական պետության մասով ասեմ, որ ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ Հայաստանն անկախ, ինքնիշխան ու ժողովրդավարական երկիր է, ընդ որում՝ Սահմանադրության այդ կետը փոփոխության ենթակա չէ, այսինքն՝ ցանկացած այդպիսի հայտարարություն անող ուժը, ըստ էության, հակասահմանադրական գործողությունների կոչ է անում:
Ես չեմ կարծում, թե Հայաստանը միայն այդ երկու տարբերակների միջև կարող է ընտրություն կատարել: Կարծում եմ, որ այն բոլոր խնդիրները, որոնց առջև կանգնած է Հայաստանը, կարող է լուծել միայն անկախ պետականությունը պահպանելով, հակառակ դեպքում ստիպված կլինի համակերպվել ցանկացած այլ ուժային բևեռի կողմից պարտադրվող լուծման:
Այսինքն՝ կա երրորդ տարբերակ ևս՝ պահպանել անկախ պետականությունը, պարզապես դրա համար պետք է ունենալ ադեկվատ իշխանություն, որն իսկապես հասկանում է առկա խնդիրներն ու ի վիճակի է գտնելու լուծումները: Ուրիշ բան, որ այս իշխանությունների օրոք թվա, թե այդ երկու տարբերակից զատ Հայաստանին ընտրության այլ տարբերակ չի մնում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am