Էրդողանն առաջին անգամ արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ Իսրայելի որոշմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշմանը։

Իր ելույթում Էրդողանը Իսրայելի կառավարությունն անվանել է «հանցավոր խմբավորում», իսկ Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ «զրպարտություն»։

«Մենք ուշադրություն չենք դարձնում մեր երկրի հասցեին հնչող զրպարտությանը մի հանցավոր խմբավորման կողմից, որի ձեռքերը աղտոտված են Գազայի 73 հազար անմեղ բնակիչների արյամբ, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ են»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ նկատի ունենալով Իսրայելի իշխանություններին։

Էրդողանը նաև պնդել է, որ Թուրքիայի պատմության մեջ «ցեղասպանություն, զանգվածային սպանություններ, ճնշումներ և գաղութատիրություն չեն եղել»։

«Մեր փառապանծ հազարամյա պատմության ընթացքում եղել են միայն արդարություն և կարեկցանք»,- ասել է Թուրքիայի նախագահը։